Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը ռազմական լուծում չունի»


Թուրքիա- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, 5 հոկտեմբերի, 2020թ.

Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, այսօր կեսօրին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ կոչ անելով հակամարտության կողմերին անհապաղ հրադադար հաստատել։

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված կացությունը ռազմական լուծում չունի։ Ռազմական գործողությունների սկզբից ի վեր սա է եղել իմ հստակ ուղերձը։ Տեղի ունեցողը վտանագավոր է ոչ միայն [մարտական գործողություններում] ներգրավվածների համար, այլև լուրջ մտագոհության առիթ է ողջ տարածաշրջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համար», - հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը։

Պատասխանելով թուրք լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ռազմական գործողությունները կարող են վտանգել Ադրբեջանում գտնվող էներգետիկ ենթակառույցները, Ստոլտենբերգը չժխտեց դա՝ նշելով, որ դաշինքում ոչ մի վարկյան չեն դադարում հետևել իրադարձությունների զարգացմանը։

«Իհարկե, մենք ուշի ուշով հետևում ենք իրավիճակին, քանի որ պատերազմական գործողությունների ծավալումը մեզ մտահոգում է։ Բախումների քանակն ու բռնության ծավալները աճում են։ Բոլորս ենք ծանոթ զոհերի թվի աճի մասին տեղեկություններին, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Իհարկե, ցանկացած մարտական գործողություն իր մեջ ռիսկ է պարունակում նաև կարևորագույն ենթակառույցների համար։ Դա է պատճառը, որ կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառույցները, էներգետիկ ենթակառույցները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով ծագած մեր բազմաթիվ մտահոգությունների թվում են։ Այս բոլոր պատճառներից ելնելով՝ մենք պետք է հստակ ուղերձ հղենք հակամարտող կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը։ Մենք պետք է աջակցենք այն բոլոր ջանքերին, որոնք միտված կլինեն հարցի խաղաղ, բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծմանը», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Յենս Ստոլտենբերգն, ի դեպ, իր բացման խոսքում ևս անդրադարձավ ղարաբաղյան պատերազմին՝ նշելով, որ հույն-թուրքական հարաբերությունների, Լիբիայի և Սիրիայի ճգնաժամերի, ինչպես նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի ձեռքբերման հետ մեկտեղ ղարաբաղյան պատերազմը ևս այսօր Անկարայում մեկնարկած բանակցությունների կարևորագույն օրակարգային թեմաներից էր։ ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով, դաշինքում հույս ունեն, որ Թուրքիան կկարողանա ինչ-որ կերպ նպաստել պատերազմի դադարեցմանը։

«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի իր զգալի ազդեցությունը լարվածությունը նվազեցնելու նպատակով», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ից հնչող այս կոչին, սակայն, թուրքական կողմն առայժմ չի պատասխանում։ Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի մի զգալի մասը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նվիրեց Հայաստանի քննադատությանն ու Ադրբեջանի գործողությունների արդարացմանը։ Ավելին, թուրքական դիվանագիտության ղեկավարը այսօր պնդում էր, թե Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է կոչով դիմի Հայաստանին, որպեսզի այն «զորքերը անհապաղ դուրս բերի Ադրբեջանի տարածքներից»։

«Երբ մենք խոսում ենք Ուկրաինայի կամ Վրաստանի մասին, ապա այդ երկրների տարածքային ամբողջականությանը ցուցաբերված աջակցությունը միանշանակ է։ Ինչո՞ւ նույնը չի արվում Ադրբեջանի պարագայում», -հայտարարում էր Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարի քննադատության մյուս թիրախը Ֆրանսիան էր, որն ըստ Չավուշօղլուի. «Բացահայտորեն պաշտպանում է Հայաստանին։ Բայց չէ՞ որ Մինսկի խմբի անդամ հանդիսացող պետությունը պետք է անաչառ լինի», -բողոքում էր այսօր Թուրքիայի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG