Մատչելիության հղումներ

Կոտայքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման ժամանակ խուճապ չի եղել


Խոցված ադրբեջանական ԱԹՍ Արցախում

Երեկ ուշ գիշեր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ադրբեջանական թռչող հետախուզական սարքի խոցումից ու հնչած պայթյուններից հետո քաղաքն այսօր առավոտից վերադարձել է բնականոն կյանքի։

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց , որ գիշերն էլ խուճապ չի եղել։ Սկզբում մարդիկ մի փոքր անհանգստացել են, պատսպարվել են ապաստարաններում, իսկ արդեն պաշտոնական տեղեկատվության հրապարակումից հետո վերադարձել են իրենց տները։

Երեկ Հայաստանի օդային սահմանը հատած ադրբեջանական թռչող հետախուզական 4 սարքերից մեկը, Հայաստանի հակօդային պաշտպանության ուժերը խոցել էին հենց Կոտայքի մարզում, մյուս 3-ը՝ Գեղարքունիքում։

Վահագն Գրիգորյան. – «Ուղղակի ուժգին ձայն... քանի որ երկնքում էլ ինչ-որ բան տեսել են, մարդիկ բնականաբար, փառք Աստծո, որ մեր ժողովուրդն իրազեկված է, փորձել են լույսերը հանգսնել, մտնել նկուղներ, պատսպարվել: Բայց կարճ ժամանակ հետո, երբ որ եղավ արդեն պաշտոնական պարզաբանումը, մեկ-երկու ժամ հետո քաղաքը արդեն բնականոն հունով ապրում էր: Էսօր էլ արդեն քաղաքը բնականոն հունով աշխատում ա, բոլոր հաստատությունները աշխատում են: Ուղղակի մի հորդոր կուզենամ հղեմ մեր ժողովրդին, որ հետևեն բացառապես պաշտոնական լրահոսին: Մեր քաղաքում լուրեր տարածվեցին, որ ինչ-որ վնասումներ կան, բաներ.... մենք ընդհանրապես ոչ մի վնաս չունենք քաղաքում:

Աբովյանցիները «Ազատության» հետ զրույցում նույնպես նշում էին, խուճապի չեն մատնվել, սկզբում մի փոքր անհանագստացել են, ապա պաշտոնական պարզաբանումներից հետո վերադարձել իրենց տները։

«Առաջին դմփոցից մտածեցինք, որ հրավառություն ա եղել, բայց երկրորդից արդեն զգում էինք, որ ինչ-որ մի բան էն չի: Պատուհանից նայել ենք, տեսել ենք, պայթեցրել են, այ էդ ենք տեսել: Չենք վախենում, գիտենք, որ հաղթելու ենք: Դրանով մեզ չեն վախացնի», - ասաց քաղաքի բնակիչներից մեկը:

«Մեր զինվորներին մենք վստահում ենք: Լավ ա լինելու», - հավելեց մեկ ուրիշը:

Աբովյանցի մի կին ասաց. – «Միանշանակ պետք ա ՀԱՊԿ-ը հստակ մոտեցում ցուցաբերի: Չի կարելի... Եթե քո եղբայրը էսօր դժվար կացության մեջ ա: Բոլորը ասում են` պետք ա դիմեն: Չի կարելի, եթե իմ քույրը կամ եղբայրը դժվար կացության մեջ է, ես չեմ սպասի, որ ինքը ինձ դիմի, նոր օգնեմ: Պայքարելու ենք, համառ պայքարելու ենք, ավյունով լի: Հաղթելու ենք»:

Գեղարքունի մարզպետ Գնել Սանոսյանը նույնպես «Ազատության» հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ երեկ ուշ երեկոյան իրենց մարզ ներթափանցած ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ների վնասազերծման ժամանակ խուճապ չի եղել, բնակչությունը արագ հասկացել է , որ աշխատում է հայկական հակաօդային պաշտպանությունը. – «Շնորհիվ մեր բնակչության և մեր համապատասխան կառույցների արագ աշխատանքի, ինֆորմացիան շատ արագ լրացվել է։ Եթե ոմանք նույնիսկ որոշակի անհանգստություն են ունեցել, հետո հասկացել են, որ մեր ՀՕՊ-ն է աշխատում: Մարզի բնակչությունը առավել քան ամուր կանգնած է հողի վրա, և մեր զինվորի կողքին պայքարում ենք հայրենիքի համար»:

Ի դեպ, Վարդենիս քաղաքի բնակիչ Հասմիկ Գևորգյանը երեկ պատահաբար ականատես է եղել ԱԹՍ-ներից մեկի վնասազերծմանը. – «Երկնքում տեսանք, կարմիր լույսով վառվող ԱԹՍ էր: Մի քանի վայրկյանի ընթացքում հակահարվածը մեր հակաօդային պաշտպանությունից էկավ ու ուժեղ ձայն էկավ... պայթեց, հետո ներքևի հատվածում, գետնին ոնց որ կրակ էր բարձրանում»:

Մինչև ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ների ներխուժումը Գեղարքունքի մարզ, երեկ ավելի վաղ ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել են մարզի Շատվան և Մեծ Մասրիկ բնակավայրերը։ ԱԹՍ -ների արձակված հրթիռների արդյունքում զոհվել է 1967 թվականին ծնված Գևորգ Վարդանյանը, ևս երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։

Ինչպես մանրամասնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, խաղաղ բնակիչները սպանվել և վիրավորվել են, երբ ադրբեջանական ԱԹՍ-ների հրթիռները նետվել են բնակելի տների վրա։ Երկու համայնքներում էլ կան ավերածություններ, սակայն վնասները դեռևս գնահատվում են, և ծավալների մասին դեռ վաղ է խոսել։

XS
SM
MD
LG