Մատչելիության հղումներ

«Րոպե առաջ պատրաստ են վերադառնալ առաջնագիծ». «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրենը՝ վիրավոր զինծառայողների մասին


Արցախում շարունակվող մարտերի հետևանքով Երևանյան մասնագիտացված հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների տրամադրվածությունը մարտական է, րոպե առաջ պատրաստ են վերադառնալ առաջնագիծ, ասում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սևակ Շահբազյանը։

«Վիրավորներ ունենք, որոնք անպայման րոպե առաջ, ժամ առաջ ուզում են հետ գնալ՝ իրենց խնդիրը կատարելու: Հետաքրքիր է, որ բոլոր զինծառայողները, մանավանդ 18-20 տարեկան զինվորները գրեթե իրենց վիրավորումը վիրավորում չեն համարում, ասում են՝ «ի՞նչ է պատահել որ, հենց հիմա էլ կգնանք առաջնագիծ՝ նորից մեր խնդիրները կատարելու», վիրավորներ կան, որոնց զոռով ենք պառկեցնում, ասում է՝ «ես պետք է հետ գնամ, ինչի՞ են ինձ բերել այստեղ», դե բացատրում ենք, որ մի քանի միջոցառումներ կան թե՛ դեղորայքային, թե՛ հետազոտություններ, անելուց հետո էլի կուղարկենք», - նշեց Շահբազյանը:

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ասում է՝ իրենց մոտ բուժվող զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներով են ընդունվել. «Հիմնականում բեկորային վնասվածքներով են գալիս՝ վերջույթներ կլինի, որովայն, կրծքավանդակ, բոլորը բեկորային վրավորումներ են հիմնականում: Մեր անձնակազմը, բոլորը մեկ մարդ դարձած լծված են զինծառայողների բուժմանը, մի մասն էլ հիմա գտնվում է առաջնագծում, որովհետև մենք երկու խմբի ենք բաժանվել թե՛ բժիշկներով, թե՛ բուժանձնակազմով, մի մասը ներկա պահին առաջնագծում է կատարում իր պարտքը, իսկ մնացած բոլոր բժիշկները, բոլոր բուժանձնակազմը լծված են մեր զինվորների բուժմանը: Բոլորին բերում են այստեղ, եթե անհրաժեշտություն է լինում կատարում ենք, բնականաբար, վիրահատություններ, որին անհրաժեշտ է լինում, հետազոտում ենք և հետագա տակտիկան որոշում ենք միասին»:

Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր բժիշկ Դավիթ Մխիթարյանի խոսքով՝ իրենց մոտ բուժվող տղաների մեծ մասի առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Վիրավորների մեջ կան թեթև վիրավորվածներ, մի փոքր քանակ ունենք միջին ծանրության և ծանր աստիճանի վնասվածքներով, մնացածի վիճակը միջին ծանրության է, ավելի թեթև: Բոլոր վիրավորները ամենակարևորը ժամանակին ստացել են բժշկական օգնություն», - նշեց Մխիթարյանը:

Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ՝ իրավիճակը վերահսկելի է. «Ունենք վիրավորներ, որոնք ստանում են որակավորված բուժօգնություն ամբողջ անհրաժեշտ ծավալով, որևէ կարիք կլինիկան չունի, բարեբախտաբար, ապահովում ենք ամեն անհրաժեշտություն»:

Վիրավորների ընդունում են երևանյան բոլոր մասնագիտացված բուժհաստատությունները։ Ռազմական դրության իրավական ռեժիմի հաստատումից հետո առողջապահության նախարարի հրամանով պլանային կարգով բուժօգնության դիմած քաղաքացիների ընդունումը հիվանդանոցներ դադարեցված է, ընդունում են միայն անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներին։

XS
SM
MD
LG