Մատչելիության հղումներ

Մոսկվան հստակեցնում է՝ հավանություն չի տալիս Բաքվին աջակցության մասին Անկարայի հայտարարություններին


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Պաշտոնական Մոսկվան այսօր հրաժարվել է ասել, թե արդյոք ունի տվյալներ ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին։ Ռուսաստանն ուշի-ուշով հետևում է շփման գծում իրավիճակի զարգացմանը, այսօր ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը, ընդգծելով, թե բոլոր տեղեկությունները մանրակրկիտ վերլուծում են, ինչպես նաև հանգամանորեն արձանագրվում են միջազգային առաջնորդների բոլոր հայտարարությունները։

Այսօր, սակայն, Ռուսաստանի նախագահի խոսնակը փոքր-ինչ ավելի հստակ է խոսել Անկարայի մասին՝ նշելով, թե Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին. - «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»։

Դմիտրի Պեսկովը հիշեցրել է իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ «չարժե կրակի վրա յուղ լցնել»:

Այսօր Երևանում էլ Հայաստանի վարչապետն է պատասխանել ռուսաստանցի լրագրողների հարցերին։ Ստեղծված ռազմական իրավիճակում Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նաև վստահեցնելով, թե Երևանը նպատակ ունի երկարատև կայունություն հաստատել տարածաշրջանում։

Փաշինյանի փոխանցմամբ՝ Հայաստանն այսօր չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը։ «Մեր օրակարգում նման հարց չկա», - ասել է նա։ Ռուսական լրատվամիջոցները Հայաստանի վարչապետի հենց այս հայտարարությունն են ակտիվորեն տարածում։

Հիշեցնենք ՝ երեկ Պետդումայում «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտարարել էր, որ պատերազմին պետք է վերջ տալ և շփման գծում տեղակայել ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներ։

Հայաստանը նպատակահարմար չի համարում նաև Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում։

Մինչ ռազմական գործողությունները կիրակի օրվանից չեն դադարում, գրեթե երկու օրվա լռությունից հետո Ռուսաստանում սկսել են ակտիվորեն լուսաբանել ղարաբաղյան պատերազմը՝ շեշտելով, որ ադրբեջանական հարձակման հետևում Անկարան է և պանթյուրքիզմի գաղափարներն ակտիվորեն առաջ տանող Էրդողանը։

Առաջին ալիքի և “Россия-24”-ի եթերներում ռուսաստանցի փորձագետները հայտարարել էին՝ եթե լինեն ապացույցներ, որ Հայաստանի օդային տարածքում հայկական Су-25-ը կործանել է թուրքական F-16-ը, Ռուսաստանը չի կարողանա այլևս չմիջամտել այս ռազմական գործողություններին:

Ռուսաստանցի փորձագետներն ու լրագրողներն այս օրերին ամենից հաճախ հենց այդ հարցն են տալիս՝ ե՞րբ է Ռուսաստանը միջամտելու պատերազմին, ե՞րբ է օգնելու իր դաշնակից Հայաստանին, որի անվտանգության երաշխավորն է և որը Ռուսաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի անդամ է։

Այս հարցերին այսօր Ռուսաստանի ղեկավարության փոխարեն փաստորեն պատասխանել է Հայաստանի վարչապետը՝ ասելով.- «ՀԱՊԿ մասնակցությունը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության մեր գործընկերների հետ, տեղեկացնում ենք նրանց ստեղծված կացության մասին։ Իր անվտանգությունը, սակայն, Հայաստանը պատրաստ է ապահովել թե՛ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե՛ առանց»։ Փաշինյանը հավելել է, թե օգնության հարցով Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել։

Կազմակերպության պայմանագրով, այդ թվում` ռազմական օգնություն տրամադրելու համար, անդամ երկրներին ագրեսիայի ենթարկված դաշնակցի դիմումն է անհրաժեշտ։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, և ըստ վերլուծաբանների՝ ակնհայտ է, որ անդամ պետություններից առնվազն երեքը չեն համաձայնի մասնակցել հայ - ադրբեջանական պատերազմին։ Այլ հարց է, որ Ռուսաստանը միայնակ կարող է օգնել Հայաստանին՝ շեշտելով, որ օգնում է ՀԱՊԿ շրջանակում իր դաշնակցին։

Հայաստանի վարչապետը, այդուհանդերձ, ռուսական լրատվամիջոցներին այսօր նաև ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ռուսաստանի ներգրավումը ղարաբաղյան հակամարտությունում։ «Առայժմ մենք չենք զգում նաև ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ներուժի օգտագործման կարիքը։ Անհրաժեշտության դեպքում, սակայն, դրա իրավական բոլոր հիմքերն առկա են», - ընդգծել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ կիրակի օրը սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին է զանգահարել է երկու անգամ՝ սեպտեմբերի 27-ին և երեկ։ Պատերազմը սկսվելուց ի վեր Վլադիմիր Պուտինը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի նախագահների հետ հեռախոսազրույց չի ունեցել, համենայն դեպս, Կրեմլն այդ մասին ոչինչ չի հաղորդել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG