Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը տապալել է իր խնդրի լուծումը, և հուսով եմ՝ դա կհամոզի Ադրբեջանին, որ ռազմական լուծում չկա. Փաշինյան


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետը հարցազրույցներ է տվել "Россия 1"-ին, The Spectator-ին:

«Ես հուսով եմ, որ գոնե այս իրադարձությունները և այսօրվա մեր ունեցած իրավիճակը կհամոզեն Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ռուսաստանյան "Россия 1" հեռուստաալիքի "60 минут" հաղորդմանը տված հարցազրույցում:

«Որովհետև Ադրբեջանի զինված ուժերը տապալել են, կարծում եմ, իրենց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդրի լուծումը և չեն կարողացել որևէ հաջողության հասնել ռազմական իմաստով, ռազմաճակատում, այսինքն՝ նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Հուսով եմ, որ դա կհամոզի Ադրբեջանին, որ այս հակամարտությանը ռազմական լուծում չկա», - ընդգծել է Հայաստանի ղեկավարը՝ շարունակելով. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կա միայն խաղաղ և բանակցային լուծում, և ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»:

«Ցանկանում եմ արձանագրել, որ երբ ես դարձա վարչապետ, առաջարկել եմ և շարունակում եմ առաջարկել այս հակամարտության լուծման կոնկրետ բանաձև՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Երկրների հիշատակման հերթականությունը որևէ նշանակություն չունի, նկատի ունեմ՝ այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի:

Եվ, ցավոք, Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի նախագահը, ցանկանում են հասնել այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար: Դա անհնար է: Պետք է փոխզիջում, և փոխզիջման համար փոխզիջման մթնոլորտ է պետք: Դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիան, քանի որ Ադրբեջանն է սկսել», - շեշտել է Փաշինյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ «դա եղել է նախապես պլանավորված օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում»:

«Շատ կարևոր է մեկ հանգամանք. Թուրքիան գործնականում ներառված է այս գործընթացում: Մեր հավաստի տեղեկատվության համաձայն՝ ռազմական հրահանգիչներ և բարձրաստիճան զինվորականներ են հիմա գտնվում Ադրբեջանի հրամանատարական կետերում, և որոշ տեղերում նրանք նույնիսկ ղեկավարում են ռազմական գործողությունները:

Եվս մեկ շատ կարևոր հանգամանք՝ միջազգային մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայի տարածքում և նրանց տեղափոխում է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու նպատակով: Իմիջիայլոց, տեղեկատվություն կա առ այն, որ Ադրբեջանի բնակավայրերում արդեն որոշակի բախումներ են եղել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, քանի որ վարձկանները փորձում են շարիաթի օրենքները տարածել այդ գյուղերում՝ մտնում են խանութներ և պահանջում են, որպեսզի այդ խանութներում դադարեցնեն ալկոհոլային խմիչքների վաճառքը և այլն, և նմանատիպ բաներ», - նշել է վարչապետը:

«Ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական սպառնալիքի ներքո: Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման համար, և նրանք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը մտցնեն Նախիջևան: Դա ադրբեջանական անկլավ է, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին, չնայած արդեն տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Ընդհանրապես այդտեղ որևէ գաղտնիք չկա, որովհետև օգոստոսից թուրքական զորքերն արդեն գտնվում են Ադրբեջանում: Նրանք համատեղ ռազմական զորավարժություններ էին սկսել, և այս պատերազմն սկսեց որպես այդ ռազմական զորավարժությունների շարունակություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եվս մեկ նյուանս. ինչպես գիտեք, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, և հայ ժողովուրդն այդ ցեղասպանության զոհը դարձավ: Այդ պատճառով մենք բոլորս դա ընկալում ենք որպես էքզիստենցիալ սպառնալիք մեր ժողովրդի համար, փաստացի որպես հայ ժողովրդին հայտարարված պատերազմ, և մեր ժողովուրդը հիմա ուղղակի հարկադրված է օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ «միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները և պահանջի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում որևէ լավ բան չի խոստանում»: «Դա կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի և ռազմական գործողությունների, այս պատերազմի մասշտաբների ընդլայնման: Եվ հիմա միջազգային հանրությունը պետք է կոնկրետ ջանքեր գործադրի, որպեսզի ստիպի Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան, ռազմական գործողությունները», - ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ասել է վարչապետը, «մեր պատկերացումն այն է, որ այն պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է. դա Մինսկի խմբի համանախագահությունն է»: Միաժամանակ, նա նշել է, որ «շատ դժվար է խոսել բանակցությունների և հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում»: «Նախ և առաջ պետք է դադարեցնել բռնությունը, և պետք է արձանագրել և Ադրբեջանը պետք է ընդունի այն բանաձևը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ շարունակ Ադրբեջանի կառավարությունը զարգացնում է հայերի նկատմամբ ատելության հռետորաբանություն և երկար ժամանակ սպառնում է, որ ի հեճուկս միջազգային կոչերի՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասել է Հայաստանի վարչապետը:

«Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության»

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել նաև The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին:

«Ադրբեջանը նախապես ծրագրված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակը սրվել է, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը՝ փորձելով ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչն ի դեպ արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ», - ասել է Հայաստանի վարչապետը:

Նա շեշտել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում ղարաբաղյան հակամարտությունը: «Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ կա լուրջ թյուրըմբռնում: Դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է: Տարածաշրջանն Ադրբեջանի կազմում հայտնվեց միմիայն Խորհրդային Միությունում կայացված կամայական որոշումների հետևանքով: Հայերը մշտապես եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց ավելի ուշ տեսանելի դարձավ: Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից. ինչպես Ադրբեջանն անջատվեց Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը բաժանվեց Ադրբեջանից», - մանրամասնել է Փաշինյանը և շարունակել. - «Ի դեպ, դա միանգամայն խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանն սկզբից ևեթ դրան արձագանքեց բռնի ուժով, ջարդերով և սպանություններով: Եվ հակամարտությունն սկսվեց հենց այդ կետից: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը թյուր է ընկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքների մասին չէ, այլ մարդկային էակների, մարդկանց անվտանգության: Հայերը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Լեռնային Ղարաբաղում, ցանկանում են օգտվել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքից»:

Նշելով, որ ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում, վարչապետը հավելել է. - «Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է»:

«Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը: Բայց քանի որ Դուք ակնարկում եք նաև Թուրքիայի մասին, ապա պետք է հաշվի առնել այն էքզիստենցիալ սպառնալիքը, որը կախված է եղել հայ ժողովրդի գլխին մեր պատմության ընթացքում:

Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև իրականում շարունակում է ցեղասպանության իր քաղաքականությունը հայերի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ես նորից եմ կրկնում. սա մեզ համար գոյաբանական սպառնալիք է, և մեզ, ինքներս մեզ պաշտպանելուց բացի, այլ բան չի մնում», - ընդգծել է Փաշինյանը:

«Արդյո՞ք ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի, որ իր անդամներից մեկը, ինչպես Դուք եք ասում, առաջնորդում և ղեկավարում է այդպիսի մահացու արշավ», - լրագրողի այս հարցին Հայաստանի վարչապետն արձագանքել է. - «Եկեք այս ամբողջ գործընթացը դիտարկենք որպես Թուրքիայի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության մի մաս: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում: Այն, ինչ Թուրքիան անում է այնտեղ, նրա կայսերական նկրտումների մի մասն է: Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ: Խոսքն ամբողջ Հարավային Կովկասի մասին է: Այն լույս է սփռում ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի վրա»:

«Իմ համոզմունքն այն է, որ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններն են ի վիճակի գնալ փոխզիջման և ընդունել խաղաղության բանաձևեր: Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևն իր նախագահության ընթացքում հակահայկական ատելության մթնոլորտ սերմանեց Ադրբեջանում: Ադրբեջանում «հայ» նշանակում է թշնամի, ում պետք է սպանել: Այդ ատելության մթնոլորտն այլևս պայթել էՙ դառնալով դառն իրականություն», - նշել է Փաշինյանը:

«Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան է պատերազմի միջոցով կամ առանց պատերազմի: Ուստի տրամաբանական չէր լինի, եթե ես համաձայնեի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական օկուպացիայինՙ պատերազմից խուսափելու համար: Ալիևը փոխզիջման համար տեղ չթողեց», - ընդգծել է վարչապետը:

«Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, ասացի, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր պատերազմը կնշանակի պատերազմ ժողովրդավարության դեմ: Այժմ կարող եմ պաշտոնապես ասել, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պատերազմը սանձազերծված է: Դա միայն պայքար չէ մեկ ազգի կամ մեկ պետության ազատության համար: Սա պայքար է ժողովրդավարության համար, քանի որ այն վարում է բռնապետությունն ընդդեմ ժողովրդավարության», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG