Մատչելիության հղումներ

Լատվիան, Լիտվան և Էստոնիան նոր պատժամիջոցներ են սահմանել Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ


Ալեքսանդր Լուկաշենկո

Մերձբալթյան երեք պետությունները` Լատվիան, Լիտվան և Էստոնիան այսօր նոր պատժամիջոցներ սահմանեցին Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ:

Բելառուսցի մոտ հարյուր պաշտոնյաներ, այդ թվում` նախագահականի խոսնակը, փոխվարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը ու ուժային կառույցների ղեկավարները, այլևս չեն կարող եվրոպական այդ երկրներ մեկնել, նրանց ունեցած հաշիվներն էլ կսառեցվեն:

Սև ցուցակը կազմվել էր շաբաթներ առաջ, այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Բելառուսի մոտ երեք տասնյակ պաշտոնյաներ, այդ թվում` վիճահարույց ընտրություններով նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ռոյթերզի» հաղորդմամբ, համատեղ պատժամիջոցներ են նախապատրաստում նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Կանադան: Երեք երկրներն էլ հայտարարել են, որ չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ` հետևելով Եվրամիության նույնաբովանդակ հայտարարությանը:

«Մենք պետք է գործենք արագացված կարգով», - երեկ խորհրդարանում ասել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը: - «Նախ, մենք չենք ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները: Երկրորդ, մենք դատապարտում ենք Բելառուսի ժողովրդի դեմ սկսված բռնությունները: Մենք մեր միջազգային դաշնակիցների հետ ԵԱՀԿ-ում գործի ենք դրել հատուկ մեխանիզմ, որի նպատակն է անկախ և համակողմանի հետաքննել Բելառուսի իշխանությունների կողմից իրականացված ընտրակեղծիքներն ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Մեզ համար ծայրահեղ կարևոր է, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»:

Մինչ արևմուտքը խստացնում է ճնշումները, Կրեմլն է՛լ ավելի է ամրապնդում աջակցությունը Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի իշխանավարման դեմ զանգվածային ցույցերը երկրորդ ամիսն է չեն դադարում:

«Լուկաշենկոյի լեգիտիմությունը չճանաչելու Արևմուտքի որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և ըստ էության նշանակում միջամտություն Բելառուսի ներքին գործերին», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովը ընդգծել է, թե ի տարբերություն Արևմուտքի, Մոսկվան կշարունակի նախկինի նման համագործակցել Լուկաշենկոյի հետ, և զարգացնել ռուս-բելառուսական հարաբերությունները: Ակնկալվում է, որ հաջորդ երկուշաբթի արդեն Պուտինը հեռակա ելույթ կունենա երկու երկրների ռեգիոնների խորհրդաժողովում, որի ընթացքում կողմերը նախատեսում են մոտ 750 միլիոն դոլարի համագործակցության պայմանագրեր կնքել:

Այսօր էլ Լուկաշենկոն Մինսկում ընդունել է ռուսաստանցի մի քանի նահանգապետերի, առանձնահատուկ ջերմ խոսքեր հնչեցրել Պուտինի ծննդավայր Լենինգրադի հասցեին, հետո էլ առաջարկել միավորվել ու համատեղ արձագանքել պատժամիջոցներին:

«Մտահոգվելու կարիք չկա, մենք հանգիստ կարող ենք ապրել և առանց այդ արևմտյան երկրների: Թե' Ռուսասատանում, թե' Բելառուսում շատ զարգացած արդյունաբերություն ունենք, հիանալի գյուղատնտեսություն, բավարար ռեսուրսներ մեր ժոովուրդներին կերակրելու և հագցնելու համար», - այսօր պնդել է նա Իրկուտսկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Մինչ այդ Լուկաշենկոն հայտարարել էր, թե փակում է սահմանները հարևան Լիտվայի ու Լեհաստանի հետ, սակայն հետո պարզվել էր, որ դրանք լոկ սպառնալիքիներ էին, քանի որ անցակետերն աշխատում են առանց որևէ փոփոխության:

Այսօր նա է՛լ ավելի է ընդարձակել պատժամիջոցների սեփական ցանկն ու պնդել, թե բելառուսցի այն ուսանողները, որ այժմ կրթություն են ստանում Լեհաստանում, պարտավոր են հայրենիքում վերստին քննություններ հանձնել`դիպլոմը պաշտպանելու համար: Բացի այդ, Մինսկը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից երկշաբաթյա կարանտին սահմանել արևմտյան երկրներից ժամանողների համար: Այս որոշումը առավել քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո`արդեն շուրջ տասը ամիս, Բելառուսը երբևէ հակահամաճարակային որևէ սահմանափակում չի կիրառել:

Մինչ Լուկաշենկոն մտմտում է, թեէլ ինչ կարող է անել իր վիճահարույց իշխանավարումն ամրապնդելու համար, հազարավոր բելառուսցիներ շարունակում են փողոց դուրս գալ`փոփոխությունների պահանջով: Ընդ որում, բողոքի ակցիաները միայն հրապարակներում չեն անցկացվում: Արտերկրում ապրող բելառուսցիներից մեկը, օրինակ, հատուկ ծրագիր է ստեղծել բջջային հեռաոսների համար, որը թույլ է տալիս բոյկոտել այն ապրանքները, որոնք արտադրվել են Լուկաշենկոյի հետ կապ ունեցող ընկերություններում, կամ այն գործարաններում, որոնք ճնշումներ են գործադրում ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցների նկատմամբ: Բջջային հավելվածի գործարկումից հետ ընդամենը տասն օրում այն ներբեռնել է ավելի քան վաթսուն հազար մարդ:

«Հարստացնում ես մերձավոր շրջապատը`աջակցում ես բռնաճնշումներին», - «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա»-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության հեղինակ Սերգեյ Կոստրաման: -

«Ես երբևէ պատկերացնել անգամ չէի կարող, որ Բելառուսում կարող է տեղի ունենալ այն, ինչի ականատեսն ենք հիմա. մարդիկ համախմբվել են, և քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը պահանջում է խաղաղ փոփոխություններ և պատրաստ է իր առողջությունը վտանգել հանուն դրա: Ոմանք անգամ իրենց կյանքն են վտանգի տակ դնում»:

Օգոստոսի 9-ի վիճահարույց նախագահական ընտրություններից ի վեր երկրով մեկ շարունակվող զանգվածային ցույցերի ընթացքում ձերվակալվել է ավելի քան վեց հազար մարդ, հարյուրավոր ցուցարարներ ծեծի ու բռնության են ենթարկվել: Ըստ պաշտոնական աղբյուրների, երեք մարդ է սպանվել, մինչդեռ ընդդիմությունը հաղորդում է առնվազն վեց զոհի մասին:

Իրավապահ կառույցներից ու պաշտոնյաներից որևէ մեկը մինչև օրս պատասպանատվության չի ենթարկվել:

XS
SM
MD
LG