Մատչելիության հղումներ

Բժիշկ Կարեն Պողոսյան․ Վախենալու կամ մեծ թվերի վրա ֆիքսվելու կարիք չկա


Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյան

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 210-ով, 2256 թեստերի 9,3 տոկոսն է դրական եղել: Բուժվածների թիվն ավելացել է 350-ով: Գրանցվել է մահվան ևս 4 դեպք:

Մահացածներից ամենաերիտասարդը 54 տարեկան կին էր, ամենատարեցը` 90 տարեկան: Բոլորն մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսով վարակված ևս 4 մարդու մահվան պատճառներն այլ են:

Այսպիսով կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 942-ի, ևս 292 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այս պահին կորոնավիրուսից բուժվում է 3617 հոգի:

Ըստ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի, այժմ 7 հիվանդանոց է զբաղվում COVID-19-ով. – «Ծանր վիճակում են գտնվում 211-ը, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 52-ը, իսկ 18-ը միացված են թոքային օդափոխության սարքերին»:

Սեպտեմբերի թվերը համադրելով` ստացվում է, որ աճում է ինչպես փաստացի դեպքերի, այնպես էլ օրական թեստերից դրական դեպքերի քանակը: Ամսվա առաջին տասնօրյակում, օրինակ, այս վերջին ցուցանիշը 7 տոկոսի շրջակայքում էր, սեպտեմբերի 9-ից 16-ը` 5 տոկոսի, իսկ վերջին յոթ օրերին անցկացված թեստերի միջինում 8 տոկոսն է եղել` տատանվելով 7-13 տոկոսի միջակայքում:

Լիլիթ Բաբախանյան. – «Տոկոսային առումով իհարկե նկատվում է աճ: Ճիշտ է, թեստավորումներն էլ են ավելացել, բայց հայտնաբերվող դեպքերն էլ են ավելացել:

Կորոնավիրուսով հիվանդներին բուժող Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերտատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը չի շտապում ասել, թե արդյոք երկրորդ ականատես ենք երկրորդ ալիքի մեկնարկին: Բայց մի բան, նրա խոսքով, պարզ է` հակահամաճարակային միջոցառումները պետք է շարունակել, դիմակները կրել համատարած և ճիշտ. – «Ամբողջ աշխարհում է գնում երկրորդ ալիքը: Եվ մենք ականատես ենք լինում զարգացած երկրներում, երկրներում, որոնք թվում էր, թե լրիվ հաղթահարել են քովիդը, նույնպես աճի միտումների: Հետևաբար պրոցեսը համընդհանուր է, և վախենալու կամ մեծ թվերի վրա ֆիքսվելու կարիք չկա, որովհետև այդ 6, 7, 10 տոկոսը դեռևս ոչինչ չի նշանակում: Ամեն ինչ կախված է մեզանից, մեր ազգաբնակչությունից, մեր ուշադիր լինելուց միմյանց հանդեպ և կանոնները պահպանելուց: Բնականաբար, եթե մենք կրենք դիմակներ, նույնը մեր երեխաներից պահանջենք դպրոցներում, ուրեմն աճի տեմպերը կդադարեն կամ նորից հետ կզարգանան: Հուսով եմ, այդպես էլ կանենք և որևէ լուրջ պրոբլեմի առաջ չենք կանգնի: Կարծում եմ, որ սեզոնային գրիպի սկսման հետ կապված, ցրտերից սկսված, որոշակի ակտիվացում սպասվում է նաև քովիդի հետ կապված: Հետևաբար սպասում ենք որոշակի ավելանալուն հիվանդների թվի: Հուսով եմ, որ կսխալվենք, բայց, ցավոք, կարող է այդպես չլինի»:

Իսկ արդյո՞ք բժիշկները փոփոխություններ նկատել են հիվանդության ընթացքի մեջ, հնարավո՞ր է, որ վիրուսը այժմ ավելի քիչ է ծանր կամ ծայրահեղ դեպքերի հանգեցնում, քան համավարակի սկզբում էր:

Կարեն Պողոսյանի փոխանցմամբ, նման փոփոխություն չեն նկատել. – «18-20 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում միշտ պահպանվել է նաև օգոստոսին և սեպտեմբեր ամսվա առաջին կեսին, և նույն տեմպերը շարունակում են: Հետևաբար կոնկրետ պնդել մուտացիայի կամ ավելի քիչ վտանգավոր դառնալու մասին չեմ կարող, որովհետև նույն բարդությունները իրենց հետևանքներով և ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերով նույն ձևի շարունակվում են: Դա մեզ ևս մեկ անգամ զգուշանալու և ինքնամեկուսացման, ինչպես նաև անձնական անվտանգության կանոնները պահպանելու առիթ է տալիս»:

XS
SM
MD
LG