Մատչելիության հղումներ

«Մանկան տան» երեք աշխատակցուհիների մեղադրանք է առաջադրվել սաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար


Նրանց կալանավորելու միջնորդությունը բավարարվել է:

«Մանկան տուն» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել երեք աշխատակցուհիների: Այդ մասին այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Մանկան տան» աշխատակիցների կողմից հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների, ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատիժը ազատազրկումն է՝ 3-ից մինչև 7 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG