Մատչելիության հղումներ

Դատական նիստը չկայացավ՝ Ծառուկյանը և պաշտպանները ներկա չէին. հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 25-ին


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով այսօր նշանակված դատական նիստը չկայացավ: Պատճառը Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն է։

Ինչո՞ւ պաշտպանական կողմը ներկա չէր նիստին: Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե իրենք դատական նիստի մասին ծանուցում չեն ստացել։

Մինչդեռ Դատական իշխանության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հակառակն են պնդում՝ Ծառուկյանին ու նրա պաշտպաններին մի քանի անգամ են տեղեկացվել դատական նիստի մասին։

«Սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Ծառուկյանին և նրա փաստաբաններին: Էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկվել պարոն Ծառուկյանի Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Բացի այդ, հեռախոսային կապի միջոցով հավելյալ տեղեկացվել է նիստի օրի, ժամի մասին: Ինչպես նաև «Վայբեր» ծրագրի միջոցով է փոխանցվել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը դատարանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է այսօրվա նիստի մասին»:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունըմերժվել էր։ Դրանից հետո Դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին:

Այսօր ԱԱԾ քննիչները դատարանին միջնորդել էին Ծառուկյանի կալանքի քննությունը շարունակել առանց պաշտպանական կողմի։

Արման Խաչատրյան. – «Դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակյան դատարանը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել»:

Դատարանը որոշել է ԲՀԿ առաջնորդին կալանավորելու վերաբերյալ հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 25-ին։

Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ կաշառք տալու վերաբերյալ Ծառուկյանի առնչությամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել։ Դատախազությունից հայտնել էին, որ քրգործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախորդին միացնելու համար։

Օրերս ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ում քննվող գործը շատ մեծ ծավալների է հասնում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է քրեական գործն ուղարկվի դատարան։

XS
SM
MD
LG