Մատչելիության հղումներ

Կիպրոսի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը անհանգստացրել է Անկարային


Թուրքական Oruc Reis նավը Միջերկրական ծովում, արխիվ
Թուրքական Oruc Reis նավը Միջերկրական ծովում, արխիվ

Կիպրոսի հետ ԱՄՆ-ի ստորագրած հուշագիրը անհանգստացրել է Անկարային։ Պետքարտուղար Մյաք Փոմփեոյի Կիպրոս կատարած այցի ընթացքում, սեպտեմբերի 12-ին կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Ըստ ստորագրված փաստաթղթի, ստեղծվելու է «Ցամաքային, ծովային և նավահանգստի անվտանգության Կիպոսի կենտոն» (Cyprus Centre for Land, Open Seas and Port Security - CYCLOPS):

Այսօր, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը չի նպաստում Միջերկրականի արևելքում խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև վնաս է հասցնում Կիպրոսի բանակցությունների գործընթացին։

«Տվյալ փաստաթուղթը անտեսում է Կիպրոսի թուրքական համայնքի շահերը, ինչը բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, նաև հիշեցնելով, որ վերջերս Վաշինգտոնը չեղարկել է հունական Կիպրոսին զենք վաճառելու էմբարգոն, ինչպես նաև Կիպրոսն ընդգրկվել է ամերիկյան ռազմական ուսուցման IMET ծրագրում։

«ԱՄՆ-ն խախտում է հավասարակշռությունը Կիպրոսի երկու համայնքների միջև, ինչը հանգեցնում լարվածության աճին արևելյան Միջերկրականում», - ասել է Աքսոյը, նշելով, որ պետքարտուղարը Կիպրոսում չի հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչներին։

«Կիպրոսցի թուրքերի շահերի անտեսումը ձեռնտու է Կիպրոսի հունական համայնքին, որը չի ցանկանում փոխզիջումների գնալ բանակցային գործընթացում՝ հեռացնելով խաղաղության հեռանկարները կղզում:

«Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ անաչառ դիրքորոշման և շարունակել Կիպրոսի խնդիրը կարգավորելու ջանքերը», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը։

Վերջին շրջանում Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները լարվել են Միջերկրականի արևելքում էներգակիրների պաշարների պատճառով։ Թուրքիան Կիպրոսին հարող տարածքից բացի սկսել է էներգակիրների պաշարների ու տեղանքի սեյսմակայունության ուսումնասիրություններ անցկացնել արևելյան Միջերկրականի վիճահարույց տարածքներում։

Ավելի քան մեկ ամիս պահպանվող լարվածությանը ուղեկցում էր ծովային զորավարժություններով, որը մեկ Թուրքիան էր անցկացնում, մեկ՝ Հունաստանը։ Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան վիճահարույց տարածքից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի։ Սակայն թուրք պաշտոնյաները հայտարարում են, թե նավի դուրս բերումը չի նշանակում հեռանալ արևելյան Միջերկրականից: Այսօր Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, թե նավը ամիսը մեկ անգամ վերադառնում է պլանային տեխնիկական աշխատանքների ու անձնակազմը փոխելու, հաջորդ առաքելությանը պատրաստվելու համար ու շուտով սեյսմիկ հետազոտության աշխատանքները շարունակվելու են։ Նույնը ասել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլին:

«Ամեն դեպքում թուրքական նավի դուրս բերումը որոշ չափով իջեցրել է լարվածությունը։ Հունաստանի ղեկավարները դա ճիշտ ուղղությամբ քայլ են գնահատել, նշելով, որ Հունաստանը միշտ կողմ է երկխոսությանը։ Թուրքիայի արտգործնախարարն այսօր ասել է, թե Անկարան ու Աթենքը կարող են ուղիղ բանակցություններ վարել արևելյան Միջերկրականի հարցերով, բայց եթե Աթենքը պնդի իր նախապայմանները, ապա մենք պատասխան պայմաններ կդնենք», - ասել է Չավուշօղլուն:

Վերադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի այցին, նշենք, որ վիճահարույց տարածքից թուրքական նավի դուրս բերումը ու լարվածության թուլացումը անմիջապես հաջորդեց Մայք Փոմփեոյի Կիպրոս կատարած այցին։

Փոմփեոն Նիկոսիաույմ հայտարարել է. «Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները, մասնավորաբար Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ Կիպրոսի և Հունաստանի իրավասության տակ գտնվող տարածքներում բնական պաշարների հետախուզմանն ուղղված քայլերը, շարունակում են մեզ խորապես մտահոգել։ Կիպրոսի Հանրապետությունը իրավունք ունի օգտվել իր ծովային տարածքում հայտնաբերված բնական պաշարներից, այդ թվում՝ ածխաջրածնային ռեսուրսներից։ Կարծում ենք նաև, որ այդ պաշարները պետք է արդարացիորեն բաշխվեն կիպրոսցի հույների և կիպրոսցի թուրքերի միջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG