Մատչելիության հղումներ

Թուրքիան Արևելյան Միջերկրականից դուրս բերեց իր Oruc Reis նավը


Թուրքական Oruc Reis նավը Միջերկրական ծովում, արխիվ

Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի։

Դա էին վկայում նավագնացության մոնիտորինգով զբաղվող Marine Traffic կայքի տվյալները։ Երեկոյան կողմ այս տեղեկությունները հաստատեց նաև պաշտոնական Անկարան՝ խորհուրդ տալով, սակայն, այդ քայլից հեռուն գնացող հետևություններ չանել։

«Oruc Reis նավի վերադարձը Թուրքիայի տարածքային ջրեր չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Միջերկրական ծովի արևելյան հատվածի նկատմամբ մեր ունեցած իրավունքներից։ Նավի դուրսբերումը այս գոտուց նախապես հաստատված ծրագրի մասն էր», - Anadolu գործակալությանը տված հարցազրույցում երեկ հայտարարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Oruc Reis-ի շուրջ լարվածությունը ծագեց մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 11-ին, երբ Թուրքիան սեյսմիկ հետախուզություն իրականացնող այս նավը մի շարք ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկեց հունական Կաստելորիզո կղզուն հարող տարածք՝ այստեղ գտնվող էներգակիրների հավանական պաշարները ուսումնասիրելու նպատակով։

Հունական կողմը Թուրքիայի այս քայլին պատասխանեց Միջերկրականի արևելյան հատվածում իր ռազմական ներկայության կտրուկ ավելացմամբ, քանի որ թուրքական նավերը գտնվում էին Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Oruc Reis նավի դուրսբերումը վիճահարույց տարածքներից նվազեցրել է Անկարայի և Աթենքի հարաբերություններում վերջին մեկ ամսում նկատվող լարվածությունը։

«Հունաստանը որևէ մեկին չի սպառնում և մշտապես կողմ է եղել երկխոսությանը, եթե իհարկե այն ուղեկցվում է բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ և հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ Oruc Reis նավի դուրսբերումը քայլ էր ճիշտ ուղղությամբ։ Մենք բոլորս պետք է աշխատենք տարածաշրջանում կայունության և հանդարտության վերահաստատման ուղղությամբ», - լարվածության կիզակետ հանդիսացող Կաստելորիզո կղզի կատարած այցի ընթացքում կիրակի օրը հայտարարում էր Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն։

Ուշագրավ է, որ Միջերկրական ծովի ավազանում լարվածությունը նկատելիորեն թուլացավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Կիպրոս կատարած այցի ֆոնին։

Նշենք, ի դեպ, որ Կիպրոսի ափերի մոտ արդեն իսկ հայտնաբերված գազի պաշարների պատկանելությունը ևս Թուրքիան վիճարկում է։

«Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները, մասնավորաբար Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ Կիպրոսի և Հունաստանի իրավասության տակ գտնվող տարածքներում բնական պաշարների հետախուզմանն ուղղված քայլերը, շարունակում են մեզ խորապես մտահոգել։ Կիպրոսի Հանրապետությունը իրավունք ունի օգտվել իր ծովային տարածքում հայտնաբերված բնական պաշարներից, այդ թվում՝ ածխաջրածնային ռեսուրսներից։ Կարծում ենք նաև, որ այդ պաշարները պետք է արդարացիորեն բաշխվեն կիպրոսցի հույների և կիպրոսցի թուրքերի միջև», - հայտարարում էր Փոմփեոն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG