Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցը


Մեկնարկել է Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանը։

Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանն այսօր մեկնարկեց Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցի քննարկումով:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», հայտարարեցին գործընթացը բոյկոտելու մասին: Խնդիրը, նրանց խոսքով, ո'չ թե թեկնածուների, այլ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների ոչ իրավական լինելու մեջ է:

Տարոնը Սիմոնյան («Լուսավոր Հայաստան»). – «Խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Ինքներդ գիտեք, մենք Սահմանադրական դատարանում վիճարկում ենք սահմանադրական այն փոփոխությունների ընդունման գործընթացը, որի հետևանքը այսօր այս քվեարկությունն է»:

Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») ևս հայտարարեց, որ գործընթացի հետ կապված իրակավական խնդիրներ են տեսնում ու չեն մասնակցի քվեարկությանը:

Ընդդիմադիրներին դուր չէր եկել նաև այն փաստը, որ թեկնածուներից ոչ մեկը հանդիպում չէր նախաձեռնել ընդդիմադիր խմբակցությունների հետ, մինչդեռ իշխող «Իմ քայլի» հետ նրանք հանդիպել էին:

«2007 թվականից ես խորհրդարանում եմ և չեմ հիշում որևէ դեպք, որ նման կերպ իգնոր արվեն խորհրդարանական մյուս խմբակցությունները, և դուք հարկ չհամարեք, անկախ նրանից, թե մենք ինչպես կվերաբերվենք` կմասնակցենք ձեր քվեարկությանը, թե կհամարենք, որ սա այս խորհրդարանում սկսված հակասահմանադրական գործընթացի շարունակությունն է, չեք մասնակցի, դուք պարտավոր էիք նաև հանդիպում խնդրել մյուս խմբակցությունների հետ», - ասաց Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չկայացած հանդիպումը հետընթաց համարեց, ինչի հետ չհամաձյանեց ԱԺ նախագահը։

Էդմոն Մարուքյան. – «Հիմա չեն նախաձեռնում նման հանդիպումներ: Հիմա դա լավանո՞ւմ է, թե՞ վատանում է... Ինձ թվում ա, վատանում է»:

Արարատ Միրզոյան. – «Էս` դուք, էս` թեկնածուները»:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմադիրների բոյկոտի պատճառը, ըստ նրա, այն է, որ նրանց ձեռնտու էր սահմանադրական դատարանի հին կազմը։ Իսկ քննադատների մյուս խմբին, ովքեր շեշտադրում էին նախկին իշխանությունների օրոք թեկնածուների ունեցած կապերն ու զբաղեցրած պաշտոնները, հակադարձեց՝ մենք խամաճիկային դատարան չենք ուզում. – «Նոր Սահմանադրական դատարան ունենալ արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով, նույնն է, ինչ նախկինում էր, ուղղակի հակառակ ուղղությամբ: Մեր թավշյա հեղափոխության արժեքներից ամենակարևորներից մեկը համերաշխությունն էր և բոլորին հնարավորություն տալը մասնակցել թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը»:

Ազգային ժողովում խնդիրներ բարձրաձայնվեցինք ոչ միայն գործընթացի, այլև հենց թեկնածուների հետ կապված: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանը 10 տարի գլխավորած Երվանդ Խունդկարյանին հիշեցրեցին նախկինում իր քննած աղմկահարույց գործերը` «Ա1 պլուսից» մինչև Թեղուտ, և նախկին իշխանությունների հետ ունեցած կապերը:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Խունդկարյանի բարեվարքության մասին բացասական եզրակացություն է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ հաշվի առնելով նրա կայացրած դատական վճիռները։

«Խունդկարյանի ընտրությունը լինելու է հակահեղափոխության հաղթանակը», - հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Խունդկարյանին սուր հարցեր տվեցին նաև իշխանական պատգամավորները։ Թագուհի Թովմասյանին, օրինակ, հետաքրքիր էր, թե ինչպես է ստացվել, որ Երևանում ապրելով հանդերձ Խունդկարյանի որդին ժամկետային զինվորական ծառայություն անցել է հենց մայրաքաղաքում։ Բացի այդ, հիշեցրեց նախկին օմբուդսենի 2013 թվականի զեկույցը, որտեղ Խունդկարյանը ամենալավ տեսանկյունից չէր ներկայացված. – «Մասնավորապես, որ գործել է մի սխեմա, այն ժամանակ Արման Մկրտումյանի և ձեր գլխավորությամբ, որ բոլոր անցանկալի դատավորները, ովքեր որ չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք որ եղել են ցանկալի, այնուհետև կարգապահապական պատասխանատվության են ենթարկվել»։

Երվանդ Խունդկարյանն արձագանքեց. – «Իմ մասով ես հերքում եմ: Էսպիսի որևէ գործողություններ իմ կողմից ոչ կատարվել է, ոչ էլ կարող էր կատարվել: Իսկ թե ինչու է Պաշտպանության նախարարության որոշմամբ զինվորը հայտնվել իքս կամ իգրեկ զորամասում, ես չեմ, որ դրա պատասխանը պետք է տամ, և ես ինքս որևէ միջոց նման ուղղությամբ չեմ ձեռնարկել»:

Նախագահի կողմից Արթուր Վաղարշյանի թեկնածությունն այս նույն գումարման խորհրդարանում արդեն երկրորդ անգամ է ներկայացվում։ Իշխանական պատգամավորները Արմեն Սարգսյանի քայլը անհարգալից վերաբերմունք որակեցին։

Վահագն Հովակինյանը («Իմ քայլը»). – «Վերջերս Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հենց սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցն էինք քննարկում. արդյո՞ք պետք է Սահմանադրության մեջ բերվի այդ ձևակերպումը, թե ոչ: Ես հասկացա, որ հենց Ձեր դեպքում դա է գալիս...»

Վաղարշյանի թեկնածությունը ԱԺ-ին ներկայացնում էր Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Նա պարզաբանեց, որ որոշման հիմք է եղել արդարացիության սկզբունքը, չէ՞ որ նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանին այդպիսի հնարավորություն տրվել է և վերջինս հենց երկրորդ փորձից է հայտնվել Սահմանադրական դատարանում: Չիշտ է, Գրիգորյանի թեկնածությունը տարբեր գումարման խորհրդարանների էր ներկայացվել. – «Եթե մենք խոսում ենք Ազգային ժողովի, այսինքն` սահմանադրական կառույցի մասին, մենք ի նկատի ունենք սահմանադրական կառույց ինստիտուցիոնալ առումով»:

Ապա պատգամավորները Վաղարշյանից հետաքրքվեցին, թե ինչու մեկ անգամ չընտվելուց հետո համաձայնեց նորից առաջադրվել։ Պատասխանեց, թե քանի որ Սահմանադրական դատարանին պետք են անկախ դատավորներ, իսկ ինքը նեղացած չէ խորհրդարանից. – «Ես չնեղացա, որ ինձ չընտրեցիք, ես ամբիցիայի մեջ չմտա, ես ցուցամոլ չդարձա` հասկանալով, որ դա իրավական գործընթաց է, որը որոշակի միտումներով վերածվելու է նաև քաղաքականի»:

Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը ևս նախորդ տարի նոյեմբերին այս նույն ամբիոնի մոտ էր և փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ՝ դարձյալ իշխանության կողմից առաջադրված։ Շաթիրյանը սակայն հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ չընտրվեց։

Այս թեկնածուին էլ հարցնում էին, թե ինչպե՞ս վստահ լինեն, որ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո այս անգամ էլ ՍԴ դատավորի պաշտոնից հրաժարական չի ներկայացնի:

Բոլոր երեք թեկնածուններին դեմ արտահայտվեց որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք Շաթիրյանը զբաղեցնում էր կարևորգույն նշանակություն ունեցող Էթիկայի հանձաժողովի անդամի պաշտոնը։

Բաբաջանյանի սուր քննադատությանը սուր էլ արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ակնարկներ հղելով նախկինների ժամանակ Բաբաջանյանի գործունեությանը:

Բոլոր երեք թեկնածուների փակ գաղտնի թվեարկությունը կկայանա վաղն առավոտյան։

XS
SM
MD
LG