Մատչելիության հղումներ

Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից


Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է իր թեկնածությունից:

«Այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին մաղթում բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու և մեր Հայրենիքի», - Ֆեյսբուքում գրել է Վահրամ Ավետիսյանը:

Նա նաև նշել է. «Մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։ Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։

Ավետիսյանը նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարել է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

Հիշեցնենք՝ Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և հատկապես 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մի քանի տասնյակ անձինք դիմել էին Կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նրանք պնդում էին՝ Սահմանադրական դատարանի բարեփոխումները պետք է ուղղված լինեն բարձր դատարանում անկախ դատավոր ունենալուն, մինչդեռ Վահրամ Ավետիսյանը չի համապատասխանում այդ հատկանիշներին: Ընդգծվում էր նրա ոչ թե մասնագիտական հատկանիշները, այլ բարոյական պատասխանատվության հարցը, խոսվում է շահերի հնարավոր բախման մասին. թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-ից 2016 թվականներին պաշտոնավարել է որպես Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ, քննել նաև «Մարտի 1»-ին առնչվող գործեր:

XS
SM
MD
LG