Մատչելիության հղումներ

Լիլիթ Մակունց․ Քննարկվել են «ընդհանուր արժեքային մոտեցումներ»


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության գրասենյակում այսօր հանդիպում է տեղի ունեցել։ Քննարկումից մանրամասներ չհաջողվեց պարզել հենց վարչապետից. նա չցանկացավ խոսել լրագրողների հետ: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը շատ փակագծեր չբացեց փակ հանդիպումից։

Լիլիթ Մակունցի խոսքը լակոնիկ էր՝ հստակ օրակարգ չկար, արժեքային քննարկում էր. – «Դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր, առաջիկայում նաև կրթությանն առնվող բարեփոխումների օրակարգ ունենք: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով կա, քննարկում են սահմանադրական փոփոխությունները: Եվ, ինչպես նշեցի, այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումներ են քննարկվել»:

Երկու օրից Կառավարությունը պետք է ներկայացնի Սահմանադրական դատարանի դատավորի իր թեկնածուին, սակայն մինչև այս պահը հայտնի է միայն, որ ինքնառաջադրվել է միայն մեկ հոգի՝ բոլորովին վերջերս ՍԴ դատավորի համար պահանջվող 40 տարեկանը բոլորած իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը, ում հետ իշխանական խմբակցոթւյան պատգամավորները հանդիպել էին երկու օր առաջ։

Հանրությանը Շաթիրյանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ դարձավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Իմ քայլ»-ի առաջադրած անդամը, բայց հանձնաժողովի նախագահ չընտրվելուց հետո իր պաշտոնավարումն աննպատակահարմար համարեց։

Մակունցից իմացանք, որ չնայած սուղ ժամկետներին, Կառավարության ղեկավարն այսօր չի խոսել ՍԴ դատավորի նոր թեկնածուի մասին. – «Նախ պարոն Շաթիրյանը ներկայացված չէ որպես Կառավարության թեկնածու դեռևս: Եվ երկրորդը, որևէ թեկնածու ներկայացնելու պարագայում մենք ճիշտ չենք համարում դիրքորոշում հայտնել: Դա տեղի ունենալ չի կարող փակ գաղտնի քվեարկության պարագայում»:

Սահմանադրության վերջին փոփոխություններով, Սահմանադրական դատարանում թափուր են մնացել երեք դատավորների տեղերը: Նախագահն արդեն առաջադրել է մեկ անգամ հենց այս խորհրդարանի կողմից մերժված Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը հաստատել է Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Ավելի վաղ Կառավարությունը որպես իր թեկնածու էր առաջադրել Վահրամ Ավետիսյանին: ՍակայնիԻրավապաշտպանների ու Մարտի 1-ի գործերով դատապարտվածների բողոքի ալիքի ֆոնին Ավետիսյանը նահանջեց, հրաժարվեց շարունակել պայքարը։

Էդգար Շաթիրյանից բացի, հավանական այլ թեկնածուների հետ հանդիպում «Իմ քայլում» դեռ չի եղել։

Լիլիթ Մակունցի ձևակերպմամբ՝ արժեքային քննարկման հիմքում եղել է նաև կրթության հարցը։ Այս ոլորտի պատասխանատու Արայիկ Հարությունյանի դեմ տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականցվում: Հարցին, թե արդյոք թիմակիցները գոհ են նրա աշխատանքից, Մակունցն արձագանքեց. – «Մենք չենք քննարկել անձերի, թեկնածուների: Մենք քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ, այդ թվում, թե որպես պետական այրեր ինչպես ենք պատկերացնում, ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությունով Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտների զարգացումը:

Երկու ժամից ավելի տևած քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի համավարակին։ Արդյո՞ք արտակարգ դրությունը կերկարաձգի Վարդենիսում Կովիդ-19-ի նոր բռնուկմով պայմանավորված։

Լիլիթ Մակունց. – «Կոնկրետ դեպքը չի քննարկվել: Ընդհանուր կորոնավիրուսին անդրադարձ եղել է»:


XS
SM
MD
LG