Մատչելիության հղումներ

Թուրքիայի գործողությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը. Մնացականյան


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և’ հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և’ գործողություններով: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ Եգիպտոսում այդ երկրի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում, և արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Իհարկե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը», - շեշտել է Հայաստանի ԱԳ նախարարը:

«Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը:

«Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու»

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. - «Մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարևոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը»:

«ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը», - ընդգծել է Մնացականյանը:

«Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկություները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում», - շեշտել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ շարունակելով. - «Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ»:

«Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

«Անկայունություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է»

Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նաև ասել է. - «Լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով»:

«Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին, և մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձև ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին:

Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայունություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ», - նշել է Մնացականյանը:

«Գործընկերոջս նաև հակիրճ ներկայացրի մեր տարածաշրջանի զարգացումները և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի պետական սահմանին վերջին լարվածությունը: Մենք հաստատակամ ենք մեր մոտեցման մեջ, որ բոլոր հակամարտությունները տարբեր են, և եթե կա մեկ հստակ ընդհանրություն, ապա դա այն է, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում: Հակամարտությունների հանգուցալուծման կարևոր ուղիներն են բացառապես խաղաղ երկխոսությունը, խաղաղ գործընթացը, բոլոր կողմերի ներգրավումը և փոխզիջումների հասնելու կարողությունը։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը: Այս առումով Հայաստանն արժևորում է Եգիպտոսի ամուր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանն ամենուրեք, ներառյալ Լիբիայում: Մենք ողջունում ենք ձեր ջանքերն այս ուղղությամբ», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոս է մեկնել շաբաթ օրը, նրա պաշտոնական այցը կավարտվի վաղը: Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս երկրորդի հետ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG