Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկեցին առաջին դասարանցիների դասերը


Ծաղիկներով ու փոչիկներով, գույնզգույն հագուստներով, դասական կոստյումներով, բայց պարտադիր դիմակներով, շփոթված, մի քիչ էլ հուզված առաջին դասարանցիներն այսօր առաջին անգամ գնացին դպրոց: Սեպտեմբերի 1-ին փոխարինելու եկած սեպտեմբերի 14-ը առանց ավանդական միջոցառումների անցավ՝ պատճառը բոլորին է հայտնի։

Հարյուրավոր կյանքեր խլած կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երեխաները դպրոցում գտնվելու ընթացքում պարտադիր պետք է դիմակներ կրեն, միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանեն:

Այս տարի ծնողների մուտքը դպրոց արգելված էր, մայրիկների կարիքը զգացող առաջին դասարանցիներին սա չհուզել չէր կարող:

Աշակերտները դպրոց են մտնում հերթով, մուտքի մոտ ջերմաչափվում, ախտահանվում ու ուսուցիչների ուղեկցությամբ դասարան գնում: Երեխաները դպրոց գալու առթիվ ուրախ են, իսկ գիտե՞ն՝ ինչո՞ւ են դիմակներ կրում. «Դնում եմ, որ կորոնավիրուսից պաշտպանվեմ»:

Ուսուցիչների խոսքով` կորոնայի թելադրած խաղի կանոնները կդժվարացնեն իրենց աշխատանքը: Աղասի Խանջյանի անվան 53 հիմնական դպրոցի ուսմասվար Սեդա Կարախանյանն ասում է՝ իրենց գործն ավելի լարված կլինի:

«Այսօր մենք դպրոցում ոչ միայն ուսուցչի դերն ենք ստանձնելու, աշխատելու ենք որպես ուսուցիչ, այլ նաև որպես բժիշկ, որպես ծնող, որովհետև երեխաների նկատմամբ հոգատարությունը, ուսուցումը, նրանց առողջությանը հետևելը ամբողջությամբ ընկնում է ուսուցչի վրա», - ասաց Կարախանյանը:

Ուսուցչուհու կարծիքով՝ չնայած այս դժվարություններին, իր բոլոր գործընկերները պատրաստ են աշխատել:

Իսկ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում որոշ տարեց ուսուցիչներ նախընտրել են դեռևս աշխատանքի չգնալ։ Դպրոցի տնօրենի տեղակալ, քիմիայի ուսուցչուհի Հեղնար Խոջոյանն ընդգծում է՝ առկա ուսուցումը հեռավարից արդյունավետ է ուստի այս դժվարություններից վախենալ պետք չէ։

Ծնողները հիմնականում համակարծիք են՝ անգամ այս պայմաններով երեխաներին դասի ուղարկելը հեռավար կրթությունից լավ է:

«Ավելի լավ է սենց գան, քան տանը՝ հեռավար», - նշեց ծնողներից մեկը:

«Առաջին դասարանցիների համար հեռավարը մի քիչ դժվար կլինի, բայց էս պայմաններն էլ երեխաների շահերից չեն բխում», - ասաց մեկ այլ ծնող:

Ծնողներն ասում են՝ տարրական հիգիենայի պահպանման կարևորությունն իրենք սովորեցրել են երեխաներին:

Դպրոցներում սահմանված հակահամաճարակային կանոնների խախտումները կարող են հանգեցնել կորոնաթվերի աճի, «Ազատության» հետ զրույցում ասաց կորոնավիրուսի դեմ պայքարող հիմնական բուժհաստատություններից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

Կրթության նախարարությունը այս կանոնների մասին հայտնեց շաբաթներ առաջ, թեժ քննարկումներ սկսվեցին. որոշ ծնողներ պնդեցին՝ նման խստությունը հատկապես ցածր դասարանցիների համար չափազանցված է: Ըստ Մանուկյանի, առողջապահական տեսանկյունից դիմակ կրելու, հեռավորություն պահպանելու և մյուս պահանջներն արդարացված են. «Որպեսզի չունենք այսօրվա կորոնավիրուսային վարակի լայնամասշտաբ

, այո, առաջին հերթին, ինչպես ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումն է և դիմակների կրելն է»:

Մասնագետը ծնողներին հորդորում է ականջալուր լինել և հետևել կանոններին։ Դպրոցների բացումը կորոնավիրուսի լայն տարածման հիմնական վտանգներից է համարվում։

Վաղը առաջին դասարանցիներից բացի դասի կգնան նաև մյուս բոլոր աշակերտները, կմեկնարկի նաև բուհերի բարձր կուրսերի առաջին կիսամյակը։

XS
SM
MD
LG