Մատչելիության հղումներ

Հիմա վախենում եմ էս պայմաններում մտնել ներս. COVID-19-ի թեստավորման հերթում սպասող ուսուցիչ


Ուսուցիչները սպասում են թեստավորման Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում

Կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը դպրոցներ կանխելու նպատակով շաբաթասկզբից COVID-19-ի հետազոտություն են անցնում ուսուցիչները։

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում այսօր առավոտից հերթ էր` թեստավորվում էին Կենտրոն վարչական շրջանի մի քանի դպրոցների ուսուցիչները: Պոլիկլինիկայի հետնամասում, որտեղից ուսուցիչները մտնում էին թեստավորման, սոցիալական հեռավորություն ոչ բոլորն էին պահում. շատերի պատճառաբանությունը նույնն էր` այդ տարածքում հնարավոր չէ:

«Եթե դուք համարում եք, որ էս գոմը բժշկական հաստատություն ա, ապա ես ուրեմն չգիտեմ ինչ եմ», - վրդովվում էր նրանցից մեկը:

Մեկ այլ ուսուցիչ հավելեց. – «Դպրոցում կարելի էր էս ամենը կազմակերպել: Կիրթ, գեղեցիկ, առանց այս ամեն աղմուկի»:

Ուսուցիչների մի խումբ ավելի զգուշավոր էր. նրանք դրսում էին սպասում` հուսալով, որ հերթն իրենց էլ կհասնի. – «Որովհետև վեց ամիս պահել եմ բոլոր օրենքները, ունեմ բալիկ, ունեմ մեծահասակ տանը և հիմա վախենում եմ էս պայմաններում մտնեմ ներս: Սա կոչվում է ոչ թե կանխարգելում, այլ վարակի է'լ ավելի ուժգին տարածում»:

Կեսօրից հետո եկավ ուսուցիչների ևս մի խումբ: Նրանք էլ զարմացան, բարկացան, թե ոչ ոք հերթ չի պահպանում: Սակայն րոպեներ անց նրանք էլ հայտնվեցին հերթում, որտեղ գրեթե ոչ մի ուսուցիչ չէր պահպանում անհրաժեշտ մեկ ու կես մետր հեռավորությունը:

Պոլիկլինիկայի տնօրենը ժամանակ առ ժամանակ տարածքում սպասող ուսուցիչներին հորդորում էր սոցիալական հեռավորությունը պահել: Նրա հորդորներին ոչ բոլորն էին ականջալուր:

Տնօրենն ասաց, որ միայն ներսում են կարողանում վերահսկել իրավիճակը: Հատուկ դրա համար նաև գծանշումներ էին արել:

«Բոլոր տեղերում գծանշումները արվել են, և հորդորում ենք, խնդրում ենք բոլորին, որպեսզի հեռավորությունը պահպանեն: Ուղղակի ժամային առումով միգուցե միանգամից են եկել, դրա համար էլ էսպես խնդիր ա առաջացել: Պոլիկլինիկայում արվում ա ամեն ինչ, որ բոլորը գոհ վերադառնան», - «Ազատությանը» հավաստիացրեց տնօրեն Արմինե Հարությունյանը:

Ուսուցիչների թեստավորումը կազմակերպելու համար Երևանում պոլիկլինիկաներին ցուցումներ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից էին տվել, իսկ ուսուցիչներին էլ՝ կրթության վարչությունից: Հորդորը՝ հերթում սպասելիս պահպանել հակահամաճարակային կանոնները, մասնավորապես` սոցիալական հեռավորությունը:

Քաղաքապետարանում զարմացած էին, թե ինչու ուսուցիչները չեն հետևել հակահամաճարակային կանոններին, այն դեպքում, երբ հենց իրենք դպրոցում պետք է երեխաներին ուղղորդեն այս հարցում.

Գայանե Անտոնյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ. – «Իրենց նախապես բացատրվում է, որ, հարգելի ուսուցիչներ, դուք պետք է պահեք սոցիալական հեռավորություն: Եվ ըստ այդմ, եթե մարդը կրթված մարդ է, պետք է ինքն առաջինը իր առողջության մասին մտածի և պահպանի սոցիալական հեռավորությունը»:

Միայն Երևանում 9000 ուսուցիչ պետք է թեստավորվի, ասում է պաշտոնյան։ Նրանցից մինչև օրս թեստավորվել է շուրջ 1000-ը։ Կրթության նախարարությունից ասում են, որ ուսուցիչների թեստավորման վերաբերյալ առանձին կարգավորում չկա, այս դեպքում արտակարգ դրության հակահամաճարակային կանոններ են գործում։ Հանրակրթության վարչության ներկայացուցիչը վստահ է, որ խնդիրները կհարթվեն ընթացքում, երբ դպրոցները սկսեն գործել։ Մտավախություն չունի, որ ուսուցիչների հնարավոր անփութությունը նոր բռնկման պատճառ դառնա։

Արտաշես Թորոսյան, Հանրակրթության վարչության ներակայացուցիչ. – «Մենք դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել ենք աշխատանքի կազմակերպման... Կլինեն ինչ-որ անճշտություններ աշխատանքի մեջ, առաջին օրերին կազմակերպման հետ կապված դժվարություններ, բայց դրանք կհարթվեն, ու ամեն ինչ կընկնի հունի մեջ»:

Սեպտեմբերի 15-ից են դպրոցները վերաբացվելու, նախարարության Հանրակրթության վարչության ներակայացուցիչն ասում է, որ թեստավորում են անցնում այն ուսուցիչները, որոնք առկա դասեր կանցկացնեն։ Թե ամբողջ հանրապետության տարածքում շուրջ 38 հազար մանկավարժից այս ընթացքում քանիսն թեստավորվել, նախարարությունում դեռ տեղեկություն չունեն։

Առողջապահության նախարարությունում էլ կանխատեսում են՝ թեստավորվող ուսուցիչների թիվը կհասնի շուրջ 30 հազարի։ Չեն հետազոտվի այն ուսուցիչները, որոնք դասերը հեռավար կանցկացնեն։

XS
SM
MD
LG