Եվրոպական ևս երկու լաբորատորիաներ հաստատել են ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորման փաստը։ Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆեն Զայբերտը։
«Շվեդիայում և Ֆրանսիայում գործող հատուկ լաբորատորիաները հաստատել են գերմանացի մասնագետների եզրակացությունները», - ասել է Զայբերտը՝ նշելով, որ գերմանական իշխանություններն իրենք էին դիմել շվեդ և ֆրանսիացի մասնագետներին՝ խնդրելով անկախ եզրակացություն ներկայացնել։
«Այսպիսով, երեք լաբորատորիաներ, միմյանցից անկախ, ապացույցներ են ներկայացրել, որոնց համաձայն՝ Նավալնու թունավորման պատճառը «Նովիչոկ» դասին պատկանող նյարդապարալիտիկ նյութն է եղել», - հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղարը։