Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել


Վաչագան Ղազարյան, արխիվ
Վաչագան Ղազարյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վաչագան Ղազարյանին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008-2018 թվականներին զբաղեցնելով Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Ըստ մեղադրանքի` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Իսկ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված այս ժամանակահատվածում ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել:

Չնայած դրան, ըստ ՀՔԾ-ի, Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9.3 միլիոն դրամ, որը Վաչագան Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG