Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ


Armenia - President Serzh Sarkisian (R) and his chief bodyguard Vachagan Ghazarian (L), Yerevan, April 14, 2012.

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հերթական քրեական գործն է հարուցվել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը անուններ չի նշում, բայց հաստատում է` գործը հարուցվել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու առթիվ. – «Քրեական գործով այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:

Գործից մանրամասներ է հրապարակել «Առաջին լրատվականը», ինչը չեն հերքել: Ըստ հրապարակման, Վաչագան Ղազարյանը 2013-2017 թվականներին զբաղեցնելով Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը՝ չարաշահել է պաշտոնեական դիրքը և առանձնապես խոշոր չափի վնաս հասցրել պետությանը։ Ըստ լրատվամիջոցի, մի խումբ աշխատակիցներ սպասարկել են Վաչագան Ղազարյանի ընտանիքին ու բիզնեսին։ Հսկել են Ղազարյանին ու կնոջը պատկանող «Յանս» ռեստորանի անվտանգությունը, աշխատակիցներից մեկն էլ կնոջը սպասարկել է որպես վարորդ։

Վաչագան Ղազարյանի հետ այսօր կապվել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերին արձագանքեց այդ ժամանակահատվածում ՊՊԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Հարությունյանը, որը հայտնի է Կրակեմ Հրաչ մականունով։

«Տեղյակ չեմ: Թող Հատուկ քննչական ծառայությունը բոլոր հարցերին պատասխանի», - ասաց նա` հավելելով, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել:

Հարցաքննության հրավիրվածների մասին էլ է լռում քննչական մարմինը։ Իսկ մամուլի հրապարակմամբ, ՊՊԾ նախկին ու ներկա աշխատակիցներն արդեն իսկ հարցաքննվել են եւ իրավապահներին հայտնել, որ կատարել են Վաչագան Ղազարյանի հրամանը։

Վաչագան Ղազարյանի նախկին ղեկավարը վստահեցնում է, թե այս մասին այսօր լրահոսից է տեղեկացել և լավ չի վերաբերում նման երևույթներին։

Հատուկ քննչական ծառայությունից դեռ չեն մանրամասնում, թե քանի միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը։ Փոխանցեցին, որ դեռ մեղադրյալներ չկան։

Մինչ այս Վաչագան Ղազարյանն ու կինը անցնում էին մեկ այլ քրեական գործով՝ ապօրինի հարստացման և հարկերից խուսափելու։ Ըստ քննչական մարմնի՝ ամուսինները փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը և 2013-2018 թվականներին խուսափել են ավելի քան 771 մլն դրամ հարկերից։ Նրանք պետությանը վերադարձրեցին մոտ 3 միլիարդ դրամ չվճարված հարկ, գործն էլ կարճվեց։

Ղազարյանի նախկին փաստաբան Արմեն Հարությունյանը փոխանցեց, որ վերջին գործում դեռ չի ներգրավվել որպես փաստաբան, տեղյակ էլ չի Ղազարյանն ու կինը հարցաքննվե՞լ են, թե՞ չէ։

Նախկին իշխանության օրոք այսպիսի հարյուրավոր չարաշահումներն են եղել, և սա էլ արվել Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը. – «Նա իր դիրքը օգտագործել է և Սերժ Սարգսյանի հովանավորությամբ կարողացել է պետական մեկ այլ կառույցի ռեսուրսներն օգտագործել իր ընտանեկան նպատակներով: Այսինքն` այն լծակները, որոնք որ իրենք ունեցել են իշխանության մեջ, իրենք դա տնավարի օգտագործել են իրենց ուզած նպատակներով, իրենց ցանկացած որոշումների ընդունման համար»։

Սոնա Այվազյանի կարծիքով, իրավապահների քննության առարկան պետք է դառնա նաև պետական պահպանության տակ գտնված ռեստորանի ծագումը, հատկապես որ այն կառուցվել է աղմուկով ու քաղաքացիական դիմադրությամբ, հիշեցնում է Այվազյանը. – «Կոնկրետ էս մարդու հետ կապված քննությունները դա են վկայում: 3 կամ 4 անգամ գումար են գանձել նրանից տարբեր դրվագներով, բայց եթե կատարեին ամբողջական ուսումնասիրություն, կարողանային հասկանալ իրեն առհասարակ որտեղից այդ գումարները, ինչպես է ծախսել, ինչ այլ ռեսուրսներ է օգտագործել... Այսինքն` կարծում եմ, որ էստեղ իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ, կցկտուր աշխատանքն է երևում և շատ լավ դրսևորվում է կոնկրետ Վաչագան Ղազարյանի գործով, որ ամբողջական ուսումնասիրություններ չկան և ամբողջական պատկեր չկա»:

Հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը դժգոհ է նաև իրավապահների աշխատանքից։ Ասում է, որ նախկին կոռումպացված պաշտոնյաների գործունեությունը դրվագներով է քննության առարկա դառնում, այլ ոչ թե խորությամբ։

Ըստ նրա, հեղափոխությունից երկուս ու կես տարի անց ճաղերի հետևում հայտնված նախկին պաշտոնյաների ցանկը պետք է ավելի ընդգրկուն լիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG