Մատչելիության հղումներ

Նախկին փոխնախարար Լոռեցյանի փաստաբանը բողոքարկելու է կալանքն անփոփոխ թողնելու որոշումը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, արխիվ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, արխիվ

Կաշառք պահանջելու համար մեղադրվող սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով նրա պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը անփոփոխ է թողնվել։ «Բացակայում է հիմնավոր կասկածը, հիմնավոր կասկածի բացակայելուց բացի, չկան հիմքեր ենթադրելու, որ ազատության մեջ մնալով` պարոն Լոռեցյանը կխոչընդոտի, չկան հիմքեր ենթադրելու, որ ազատության մեջ մնալով` պարոն Լոռեցյանը հնարավոր է խուսափի գործի քննությունից», - ասաց նա։

2018-ի հոկտեմբերից պաշտոնավարած Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։ Նախորդ ամիս այս գործով նախաքննությունն ավարտվեց, գործն այժմ դատարանում է։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այն վարույթ է ընդունել։ Ի դեպ, երկու օր առաջ Արտուշ Գաբրիելյանը Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ հարցը դռնփակ նիստում է քննել, թեև և՛ դատախազը, և՛ պաշտպանը դիրքորոշում են հայտնել, որ նիստը պետք է բաց լինի. - «Խախտվեց պարոն Լոռեցյանի գործի հրապարակային քննության իրավունքը, որն արդար դատաքննության բաղադրատարրերից մեկն է»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանն էլ մերկապարանոց է որակում այն. - «Լոռեցյանին մեղադրել, որ ինչ-որ ընդհանուր հովանավորչություն է իրականացրել` առանց մանրամասնելու` ինչ է արել, որ մյուս կողմն էլ պետք է իրեն այդքան գումար տար: Ի դեպ, այդ 2 միլիոնը համաձայն մեղադրանքի նույնիսկ չի տրվել պարոն Լոռեցյանին։ Իբր թե եղել է նման պահանջ պարոն Լոռեցյանի կողմից: 6 ամիս տևած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների ուսումնասիրությամբ չեք գտնի գեթ մեկ ապացույց: Տեսեք, մանրակրկիտ ստուգել են պարոն Լոռեցյանին, իր առօրյան` սկսած աշխատակազմի ներքին դիտումով, հեռախոսային խոսակցությունների վերահսկմամբ, կոռուպցիոն բնույթի ինչ-որ գործունեության մեջ թաթախված լինելու վերաբերյալ ուղղակի որևէ ապացույց չկա գործում»:

25-ամյա Լոռեցյանը գրեթե 10 ամիս է` կալանավորված է։ Կալանքից ազատ արձակելու բոլոր, այդ թվում` 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց միջնորդությունները մերժվել են։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ վտանգները պետք է գնահատի դատարանը, սակայն միևնույն ժամանակ անտրամաբանական է համարում այն, երբ ավելի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք գտնվում են ազատության մեջ. - «Պարզվում է, թե ինչքան ծանր է քո մեղադրանքը, և ինչքան մեծ են քո հափշտակած գումարները, հետևաբար ինչքան մեծ հնարավորություն ունես դու վճարելու գրավի գումար, ըստ այդմ քո շանսերը ազատության մեջ գտնվելու շատ ավելի մեծանում են են։ Այստեղ չկա տրամաբանություն, չկա հավասարություն, միասնական մոտեցում, թեպետ ես գիտեմ, որ հասարակ տեսակետ ունեցողները կասեն, որ յուրաքանչյուր գործ առանձնահատկություններ ունի, այո, առանձնահատկություններ ունի, բայց միևնույն է` չկա մեկ միասնական մոտեցում»։

Իրավապաշտպանն անհրաժեշտ է համարում նախ դատական համակարգի փոփոխությունը։ Ասում է նաև` կաշառքի վերաբերյալ գործերի նկատմամբ զրո հանդուրժողականություն պետք է լինի` ընդգծելով, սակայն, պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար. - «Այո, աններելի պիտի լինեն հատկապես նորերի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները, այո, պիտի անխուսափելի լինի պատիժը, բայց դա չպիտի լինի առանձին մարդկանց համար, իսկ, ցավոք սրտի, հիմա մենք արձանագրում ենք, որ կան առանձին մարդիկ, ում վերաբերյալ քրեական գործերը բարեհաջող հարուցվում են, հետո կարճվում, կասեցվում կամ մոռացվում են, կան մարդիկ, ովքեր բարեհաջող լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ կան մարդիկ, ովքեր դառնում են քավության նոխազ: Չի կարելի որևէ մեկի վրա, այդ ամբողջ բեռն ու պատասխանատվությունը կրի ընդամենը մեկ հոգի»:

XS
SM
MD
LG