Մատչելիության հղումներ

Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են


Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG