Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձին դիմելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից մասնավոր հարցերին առնչվող վեճ լուծելու եղանակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև այլ անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանը ներգրավված լինելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ինչպես նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում, 1999 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Դեդ Հասան» և «Կնդո Մայիս» մականվամբ անձանց կողմից «թագադրվելով»՝ Արսեն Մկրտչյանը ստացել է «օրենքով գողի» կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դարձել որպես «Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ»՝ «հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ»:
«Արսեն Երևանսկի» մականվամբ անձը, 2020թ. փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020թ. փետրվարի 22-ից սկսած ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու և անօրինական օգուտ ստանալու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տալով հանձնարարություններ:
Բացի այդ, տարբեր անձինք, իրենց հերթին ստանալով և կատարելով «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողի» հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը», - մանրամասնում է Քննչական կոմիտեն:
«Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի («Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը») 2-րդ մասի 5-րդ կետով, խմբավորման անդամներից մեկին՝ նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, 6 անձի՝ 223.3-րդ հոդվածի («Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը») 1-ին մասով, 3 անձի՝ 223.4-րդ հոդվածի («Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը») 1-ին մասով և ևս մեկին՝ 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: