Մատչելիության հղումներ

«Օշականցի Գևորիկի» նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքեր իրականացնող Գ. Ի.-ի և վերջինիս մորեղբոր տղայի Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա.Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար, 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս. Ս.-ին և «անօրինական ազդեցությունն օգտագործելով և սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն, սակայն վերջինիս կողմից տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգելու պայմաններում, հետագա խոսակցություններից մեկի ընթացքում սպառնացել է իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել Ս. Ս.-ի նկատմամբ, որպիսի գործողություններից խուսափելու համար հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա. Պ.-ի առաջարկի հետ»: «Դրանից հետո Ա. Պ.-ն, օգտվելով Գ. Մ.-ի հովանավորչությունից, Ս. Ս.-ից որպես նյութական օգուտ և այլ առավելություն պահանջել է 4.800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ և նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածի հողատարածքի սեփականության վկայականը», - ասված է հաղորդագրությունում:

Նկարագրված արարքը կատարելու համար Գ. Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը», որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն գործի շրջանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ միջնորդություն է հարուցվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

«Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած կամ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել է օրեր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG