Մատչելիության հղումներ

Կրեմլն ի վերջո հիշատակեց Նավալնիի անունը, ռուս իրավապահները որոշեցին ստուգել դեպքի հանգամանքները


Գերմանիա - Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին հոսպիտալացնում են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց, 22-ը օգոստոսի, 2020թ.

Կրեմլն առաջին անգամ հիշատակել է ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի անունը։ Ռուսաստանի նախագահն ու իր աշխատակազմը տարիներ շարունակ միտումնավոր և հետևողականորեն խուսափում էին արտաբերել ազդեցիկ ընդդիմադիր առաջնորդի անունը՝ բավարարվելով բացառապես «բլոգեր» եզրույթով: Նավալնիի անունն այժմ տեղ է գտել Ռուսաստանի նախագահի և Իտալիայի վարչապետի հեռախոսազրույցի մասին Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում:

«Անդրադարձ է կատարվել նաև Նավալնիի հոսպիտալացման շուրջ իրավիճակին։ Ռուսական կողմն ընդգծել է այդ կապակցությամբ շտապողական և անհիմն մեղադրանքների անթույլատրելիությունը և տեղի ունեցածի բոլոր հանգամանքները մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննելու հարցում իր շահագրգռվածությունը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Սա, ըստ էության, հաջորդում է Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին նախօրեին լրագրողի ուղղած հարցին, թե ինչո՞ւ ռուսաստանյան իշխանությունները խուսափում են հնչեցնել Նավալնիի անունը՝ փոխարենն օգտագործելով պացիենտ, հիվանդ, Ռուսաստանի քաղաքացի եզրույթները։ «Նա պացիենտ է և նա հիվանդ է։ Այդպես էլ նրան անվանում ենք։ Գործի էությունը դրանից չի փոխվում», - հարցին արձագանքել էր Պեսկովը:

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։

Կրեմլի կոշտ քննադատն արդեն յոթերորդ օրն է կոմայի մեջ է, գերմանացի բժիշկները պնդում են, որ նրան թունավորել են վտանգավոր և ծանր թունավոր նյութով: Արևմուտքից հնչող պատժամիջոցների սպառնալիքների և մեղավորներին պատժելու կոչերի ֆոնին, միջադեպից 7 օր անց միայն` այսօր Ռուսաստանի իրավապահները որոշել են ուսումնասիրել ընդդիմադիր գործչի հոսպիտալացման պատճառները:

Քրեական գործ հարուցելու մասին առայժմ խոսք չկա: Երկրի Ներքին գործերի նախարարության Սիբիրյան դաշնային շրջանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ստուգումների շրջանակում ուսումնասիրել են Տոմսկի հյուրանոցային սենյակը, որտեղ գիշերել էր Նավալնին, ինչպես նաև նրա այցելած վայրերը։ «Առգրավվել է ավելի քան հարյուր իր, որոնք կարող են փաստական նշանակություն ունենալ։ Վերլուծվել է տեսախցիկների արձանագրածը, անցկացվում են ավելի քան 20 տարբեր քրեագիտական հետազոտություններ՝ այդ թվում դատաբժշկական, կենսաբանական, ֆիզիոքիմիական», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Դրանում, սակայն, ընդգծվում է, որ Նավալնիի օրգանիզմում ուժեղ ազդեցություն ունեցող նյութեր չեն հայտնաբերվել։

Պաշտոնական Մոսկվան շարունակաբար պնդում է, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։

Նավալնիի դեմ հարձակումն այսօր Բեռլինում մեկնարկող Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման առանցքային թեմաներից մեկն է։

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպումից առաջ հայտարարել է, թե ցնցված է ընդդիմադիր գործչի վրա ենթադրյալ հարձակման թափանցիկ հետաքննությունը Կրեմլի կողմից մերժելու փաստից:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն, իր հերթին, պաշտոնակիցների հետ հանդիպման նախաշեմին Ռուսաստանի իշխանություններին հերթական անգամ կոչ է արել օգնելու հետաքննել Նավալանիի հետ կատարվածը: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կմիանա տեղի ունեցածը պարզելու փորձերին, սակայն ներկա պահին կարծեք թե դա տեղի չի ունենում», - ZDF-ի հետ զրույցում ասել է Մաասը՝ հավելելով, որ եթե Կրեմլը շարունակի նույն ձևով, Եվրամիությունը ստիպված կլինի քննարկել հետագա քայլերը:

XS
SM
MD
LG