Մատչելիության հղումներ

Իսրայելում սկսվում են դասերը, հայկական կրթօջախները պատրաստվել են


Սեպտեմբերի 1-ին Իսրայելում սկսվեց նոր ուսումնական տարին: 2 միլիոն 400 հազար երեխա դպրոց գնաց, սակայն 23 բնակավայրերում, որոնք կառավարության կողմից որակվել են որպես «կարմիր» շրջաններ, ուսումնական գործընթացը սկսվեց հեռավար եղանակով: Սրանք կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոններն են:140 հազար աշակերտ ընդհանուր թվով զրկվեց դպրոց հաճախելու հնարավորությունից:

Իսրայելի առողջապահության նախարարության հրապարակած թվերի համաձայն` 128 հազար 768 մարդ է վարակվել COVID-19-ով, վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է մահացածների թիվը` հասնելով 1007-ի: Այս պահի դրությամբ բուժվում է 26 հազար 283 պացիենտ, որոնցից 439-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Երկու օր առաջ ռեկորդային աճ գրանցվեց՝ մեկ օրում 3 հազար 152 նոր վարակակիր: Երեկ ախտորոշվել էր 2 հազար 349 նոր դեպք: Ահա այս պայմաններում մեկնարկած նոր ուսումնական տարին աչքի ընկավ իր առանձնահատկություններով: Դասարանները բաժանվեցին այսպես կոչված կապսուլաների՝ մասերի` ապահովելով երեխաների համար սոցիալական հեռավորություն: Աշակերտները դասի ժամանակ դիմակով են, ու միայն հաց ուտելու համար է թույլատրվում դրանք հանել:

Չնայած որ Իսրայելի կառավարությունը Երուսաղեմի տասնյակ թաղամասեր հայտարարել է կարանտինային տարածքներ, սակայն մարտի սկզբից մինչ օրս Երուսաղեմի հայ պատրիարքի հրահանգով հայ համայնքը կարանտինի մեջ է: Երուսաղեմի հայկական կրթօջախներից Ժառանգավորաց վարժարանը կրոնական հաստատություն է և հոգևորականներ է պատրաստում: Սեպտեմբերի 9-ին կսկսվի ուսումնական գործընթացը, «Ազատությանը» տեղեկացրեց վարժարանի ու ընծայարանի տեսուչ, հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանը. - «Մինչ այդ տոնական շրջան էր, և այդ պատճառով վերաբացումը սեպտեմբերի 1-ին տեղի չունեցավ, և տոնական օրերից հետո` Աստվածածնի վերափոխման տոնից հետո, մեր ուսանողները մեկնեցին շրջագայության և հանգստի Իսրայելի հյուսիս 4 օրով: Եվ հիմա վարժարանը պատրաստ է իր ուսումնական նոր տարեշրջանը սկսելու»:

Ի տարբերություն մյուս կրթական հաստատությունների` դասախոսական կազմն ու ուսանողությունն ապրում են նույն վարժարանի և վանքի տարածքում: Համավարակի պատճառով դասախոսական կազմը մնացել է համայնքում և պատրաստ է սկսել ուսումնական գործընթացը: Համաճարակի պատճառով վարժարանի առաջին դասարանի ընդունելություն տեղի չի ունեցել. - «Համավարակի պատճառով այս տարի չկարողացանք նոր աշակերտների ընդունելություն կազմակերպել և առաջին դասարան պիտի չունենանք, և ընդհանուր թիվը 25 հոգի է, ցածր է աշակերտների թիվը նաև այն պատճառով, որ համավարակից առաջ` 19 թվականի դեկտեմբերին, ոմանք ուսանողներից ճամփորդել էին Հայաստան իրենց փաստաթղթերի համար»:

Հայաստան մեկնած ուսանողները նաև պարտադիր զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ պետք է լուծեին ու արդյունքում դեռ Հայաստանում են. - «Դեռ կան հարցեր թե Հայաստանում փաստաթղթերի հետ կապված, թե նաև Իսրայել մուտք գործելու արտոնություն ստանալու: Տա Աստված, որ մոտ օրերին այդ հարցերը լուծվեն, և այդ 6 ուսանողները կարողանան վերադառնալ և շարունակել իրենց ուսումը»:

Երուսաղեմի միակ աշխարհիկ Սրբոց թարգմանչաց հայկական վարժարանն իր հյուրընկալ դռները բացեց սեպտեմբերի 1-ին, այս տարի ունի առաջին դասարանում 14 աշակերտ: Սրբոց թարգմանչաց վարժարանը երկսեռ միջնակարգ դպրոց է, որը հիմնադրվել է 1929թ.-ին Երուսաղեմում Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով: Ունի նաև նախակրթարան, որտեղ ուսուցումը տարվում է միայն արևմտահայերենով, իսկ միջնակարգ դպրոցում սովորում են Հայ գրականություն, Հայոց պատմություն, Կրոնագիտություն և Հայ արվեստի պատմություն: Մնացած առարկաները անգլերենով են սովորում: Բացի հայերենից, դպրոցում սովորում են նաև անգլերեն, արաբերեն ու եբրայերեն:

Թարգմանչաց վարժարանի տեսուչ Արտեն քահանա Աբրահամյանի տեղեկացմամբ` ինչպես երկրի մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ այստեղ բոլոր աշակերտները դպրոցի մուտքի մոտ ջերմաչափվում են ու ախտահանում ձեռքերը, իսկ ողջ օրվա ընթացքում դպրոցում դիմակներ են կրում: Միայն մեկ ուսուցիչ ունեն, որ կարանտինի պատճառով դեռ չի ժամանել Իսրայել. - «Ունենք մեկ ուսուցիչ` Հայոց լեզվի և Հայ գրականության ուսուցչուհին, որը պետք է արդեն այստեղ լիներ, բայց ցավոք սրտի, ճանապարհները փակ են, և այդ իսկ պատճառով նա չի կարող ժամանել այստեղ: Խոսքեր կան, որ մինչև դեկտեմբեր նոր ճանապարհները կբացվեն: Հույս ունենանք, որ կբացվեն, և մեր Հայոց լեզուն և Հայ գրականությունը կդասավանդվեն ոչ թե օնլայն կերպով, այլ առերես»:

Այս տարի ուսումնական ծրագրերում մեծ փոփոխություններ չկան, ասաց նա. - «Փոփոխություններ շատ չկան կրթական ծրագրում, միայն թե մի քանի առարկաների դասապրոցեսն ավելի շատացրել ենք: Հիմնականում համակարգչի դասերն են, որը հետագայում նաև շատ պետք է գալիս մեր երեխաներին, քանի որ համալսարանում համակարգիչ իմանալը շատ-շատ կարևոր է, և ավելի խորացված կերպով փորձում ենք, որ երեխաները սովորեն դպրոցում: Հիմնականում նաև մեծ ուժը դրել ենք մեծ դասարանների վրա»:

Կարանտինի ու սահմանափակումների հետ կապված Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հետ դեռ չեն հանդիպել: Ինչ վերաբերում է երկրում գործող կիրակնօրյա դպրոցներին, ապա արևմտահայերենով ուսուցում է անցկացվում Հայֆայի «Արարատ» ակումբում: Աշակերտների թիվը երկուստեք` թե մեծերի և թե փոքրերի գրեթե նույնն է` 15 աշակերտ: Միակ արևելահայերեն կիրակնօրյա դպրոցը գործում է Պետախ Տիկվա քաղաքում: Այն հիմնադրվել է 2004թ.-ին ու մարտյան սահմանափակումների պատճառով փակվել էր: Սեպտեմբերի 9-ին այն կվերսկսի իր աշխատանքն իր նույն աշակերտական կազմով:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրակնօրյա այս դպրոցին նոր ուսումնական տարվա համար դասագրքեր է հատկացրել, սակայն մինչև օրս հնարավոր չի եղել այն հասցնել Իսրայել թռիչքների բացակայության պատճառով: Կրթական գործընթացը կազմակերպվում է միասնաբար Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» և «Նոյան տապան» հայկական կրթական- մշակույթային կենտրոնի ջանքերով:

XS
SM
MD
LG