Մատչելիության հղումներ

Համաճարակային իրավիճակը Հայաստանում «բավականին կայունացել է»


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Համաճարակային իրավիճակը Հայաստանում բավականին կայունացել է, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։ Հույս ունեն, որ առաջիկայում ոչ թե մեկ կամ երկու հարյուր, այլ տասնյակի հասնող դեպքեր կգրանցվեն։

«Մենք ավելի ծանր դեպքերի չենք գնում, չունենք էն լարված ռեժիմը, որով որ ժամանակին աշխատում էին մեր թե՛ հիվանդանոցները, թե՛ առողջապահական համակարգը», - նշեց Ալինա Նիկողոսյանը:

Վիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է։ Այս պահին կորոնավիրուսով վարակված 3 հազար 656 մարդ կա, որոնցից 2 հազար 473-ը տանն են բուժում ստանում, իսկ 1183-ը՝ հիվանդանոցներում, որտեղ ծանրաբեռնվածությունը, ըստ խոսնակի, արդեն թեթևացել է։ Վարակակիրներին սպասարկում է շուրջ 10 բժշկական կենտրոն, ընդ որում՝ դրանց մի մասը ոչ թե ամբողջովին վերապրոֆիլավորվել են, այլ միայն որոշ բաժանմունքներ են առանձնացրել։

Բժիշկներն այս պահին ծանր են համարում 177 վարակակրի վիճակը, ծայրահեղ ծանր` 43-ինը, արհեստական շնչառության սարքին է միացված 17 հիվանդ։

Միայն երեկ թեստավորվել է 2 հազար 166 մարդ, վարակը հաստատվել է նրանցից 188-ի մոտ, արձանագրվել է մահվան 4 դեպք։

Առողջապահության նախարարի խոսնակի փոխանցմամբ՝ փորձում են հնարավորիս շատ վարակակիրների հայտնաբերել շատ թեստավորում իրականացնելով։ Մինչ մեկ շաբաթից կբացվեն դպրոցները, համընդհանուր թեստավորում են անցնում նաև ուսուցիչները։

Երեկ Ազգային ժողովը մի շարք օրենքների փոփոխությունների փաթեթ ընդունեց, որը թույլ կտա և՛ արտակարգ դրությունը չերկարաձգել, և՛ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել արդեն կարանտինի պայմաններում։ Կարանտին կարող է սահմանվել վարակիչ հիվանդությունների հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում։

Կարանտինի դեպքում ևս սահմանափակումները շարունակելու են պահպանվել, սակայն թե ինչ ռեժիմով և ինչպիսի կիրառմամբ՝ կորոշի Կառավարությունը։

Զգուշավորություն դեռ պետք է


Արդյո՞ք կարիք կա շարունակելու խստացված ռեժիմի պահպանումը, եթե համաճարակային վիճակը Հայաստանում կայուն է։ Համաճարակաբան Արման Բադալյանի կարծիքով՝ զգուշավորություն, այնուամենայնիվ, դեռ պետք է, քանի որ առաջիկայում դպրոցներն ու բուհերն են վերաբացվելու։

«Օրական կտրվածքով 100 հազար բնակչի հաշվարկով էլ՝ այնպես չէ, որ մենք շատ լավ գոտում ենք, եթե նաև հաշվի առնենք, ես դա բազմիցս նշել եմ, միայն ՊՇՌ դրականները չեն, այլ կլինիկորեն դեպքերն էլ, մենք հաշվառումը չենք անում, բայց պետք է նրանց էլ հաշվել, որպեսզի մեր հստակ թվերը լինեն: Զգուշավորության տեսանկյունից, ես կարծում եմ՝ խստացումը դեռ պիտի պահպանվի։ Եկեք սկսենք, և մի քանի շաբաթվա ընթացքում արդեն կերևա որակը: Սա էլ էն վարակն է, որը բավական իրեն նենգ է պահում, ու դու չգիտես՝ որ պահին ինքը իրեն ոնց կդրսևորի: Այսօր էդ սուպերսփրեդ ասում ենք, հայերեն եթե բառացի թարգմանենք՝ գերտարածում գաղափարը կա, էս վարակի, և այլն», - ասաց Բադալյանը, - «Այսինքն, չգիտես՝ որ պահին ինքը ոնց իրեն կդրսևորի: Ես կարծում եմ՝ զգուշավորությունը էստեղ անհրաժեշտ է, գոնե էս սկզբնահատվածում մի հատ տեսնենք՝ մի քանի շաբաթ որ դասերը սկսվեց, շարժը սկսվեց, մոբիլությունը բարձրացավ՝ ոնց դա կանդրադառնա թվերի վրա: Եթե դրանից հետո կայուն մնաց, ես համոզված եմ միանշանակ՝ է՛լ ավելի կթուլացնեն ռեժիմը, սահմանափակումային միջոցառումները: Բայց շատ զգույշ, այնուամենայնիվ, պետք է անել, որովհետև տեսնում ենք, որ շատ երկրներում եվրոպական ինքը փորձում է անընդմեջ գլուխ բարձրացնել»:

Համաճարակաբան Արման Բադալյան, արխիվ
Համաճարակաբան Արման Բադալյան, արխիվ

Համաճարակաբանի խոսքով՝ դասերը սկսվելուն պես շարժն ավելի շատ կլինի, որի հետևանքով ակնկալվում է վարակի տարածում։ Դպրոցներում ու բուհերում, ըստ Բադալյանի, կարևոր է, որ վերահսկողությունը բարձր մակարդակով իրականացվի, ճկուն արձագանք լինի, մշտապես կանխարգելիչ գործողությունները կատարվեն։

«Ինչ որ թղթի վրա գրված է, չէ՞, որ դիմակ կրելը, ճիշտ դասավորություն և այլն, դա պիտի մշտադիտարկվի պարտադիր: Հիմա, էդ ներուժը, որը պիտի մշտադիտարկի՝ մեկ: Եթե սկսեց դեպքեր գրանցվել, շատ արագ պիտի արձագանքենք, որ տեղայնացնենք, այ դա էլ է կարանտինի մեջ մտնում, և սահմանման մեջ հենց կարանտինի դա է հենց առաջինը, որ օջախի, վարակի տեղայնացումն է, վարակի հետագա տարածման կանխարգելումն է: Նույնը՝ դպրոցի, նույնը՝ բուհի, նույնը, չգիտեմ, մանկապարտեզի, նույնը՝ ինչ-որ մի այլ կլաստերի շրջանում, մենք պիտի արագ արձագանքենք, որ չթողնենք, վարակը չտարածվի», - շեշտեց համաճարակաբանը՝ շարունակելով. - «Այլ է՝ դպրոցում և այլն արդյո՞ք մենք էդ ներուժը ունենք, որ համ մինչև դեպքեր գրանցվելը մշտադիտարկենք, և դեպքեր գրանցվելուց փորձենք արագ տեղայնացնենք: Այստեղ ես մի քիչ մտահոգություն ունեմ՝ արդյո՞ք մենք էդ ներուժը ունենք: Որովհետև դա պետք է էդ ներուժը, որ ինքը տեղայնացնի, որ մենք էդ 10 տոկոսի շեմը չանցնենք, որ դպրոցը նույն, ենթադրենք, չփակվի, և այլն, և այլն»:

«Աշխատանքներ իրականացվում են, և ոչ միայն ԵՄ, այլ բոլոր ուղղություններով»

Այս ընթացքում դժգոհություն է առաջացել այն քաղաքացիների մոտ, որոնք ցանկանում են մեկնել արտերկիր։ «Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Արտգործնախարարություն, թե Հայաստանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Եվրամիությունը բացի արտաքին սահմանները ՀՀ քաղաքացիների համար՝ հաշվի առնելով այն, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի նվազում կա, ընդհուպ՝ թեստավորվածների թվի նկատմամբ հասնելով 6 տոկոսի։

Գերատեսչությունից պատասխանել էին. - «Աշխատանքներ իրականացվում են, և ոչ միայն ԵՄ, այլ բոլոր ուղղություններով: Պետք է նշենք, որ սահմանափակումները միտված են նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելուն»:

Արտաքին գերատեսչությունից նաև շեշտել են, որ օտարերկրացիների մուտքի սահմանափակումների կիրառումը երկրները չեն դիտարկում երկկողմ հարաբերությունների մակարդակում. - «Դրանք բացառապես պայմանավորված են համաճարակաբանական իրավիճակի զարգացման ընդհանուր գնահատականով, երկրի ազգային առողջապահական համակարգի կարողություններով և ծանրաբեռնվածությամբ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG