Մատչելիության հղումներ

Հաջողության պատմություններ՝ համավարակի պայմաններում


Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը զրուցում է «Ազատության» հետ

Հեռավարին ամենապատրաստը ՏՏ ոլորտն էր

Կորոնավիրուսի հետևանքով համատարած լոքդաունը շատերին ստիպեց հեռավար աշխատել, բայց հեռավարին ամենապատրաստը, ամենաարագ ադապտացվածը և ճգնաժամից անգամ օգուտ քաղածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էր:

Հայկական Krisp ընկերության մասին, օրինակ, նույնիսկ ամերիկյան մամուլը գրեց: Forbes-ը հայկական այս ընկերությանը դասեց 2020 թվականի 50 ամենախոստումնալից ընկերությունների շարքում, որ զբաղվում են արհեստական բանականությամբ: Տեսազանգերի ժամանակ կողմնակի աղմուկը վերացնող գործիքը համավարակի օրերին շատ պահանջված դուրս եկավ:

«Շատ պահանջված է որպես տեխնոլոգիա՝ 100 միլիոն օգտագործող ունի արդեն», - նշում են ընկերության հիմնադիրները:

Չորս տարի առաջ աղմկոտ սրճարանում երկու ընկերների՝ մաթեմատիկոս Արտավազդ Մինասյանի և ծրագրավորող Դավիթ Բաղդասարյանի զրույցը վերածվեց գաղափարի, ապա դարձավ մարտահրավեր՝ ստեղծել մի ծրագիր, որ կզտեր ողջ ֆոնային աղմուկը և զրուցակիցների ձայնը զուլալ տեղ կհասցներ:

Անգլերեն krisp՝ նշանակում է հենց «զուլալ»: Հայկական ընկերության ստեղծած արհեստական բանականությունը մի քանի շաբաթում սովորել է տարբերակել հազարավոր ամենատարբեր աղմուկներ, տեխնոլոգիայի հեղինակներին էլ դարձրել է «աղմուկագետ». - «Աղմուկասեր երևի ավելի շատ», - կատակում են նրանք:

Հենց ճգնաժամի օրերին հայկական ընկերությունը հաջողության պատմություն գրանցեց՝ 5 միլիոն դոլարի ներդրում ստացավ վենչուրային հիմնադրամներից:

«Ուզում ենք եռապատկենք, այսինքն՝ որ եկող տարի էս ժամանակ մեր վաճառքները հիմիկվա թվի եռապատիկը լինեն», - ասում են ընկերության հիմնադիրները:

«Սուրճի բույրով ողողված է լինելու էս տարածքը»

Ի տարբերություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, որ արագորեն հեռավար կազմակերպեցին թե՛ իրենց, թե՛ ուրիշների աշխատանքն ու ուսումը, անմիջական շփման հետ կապված ոլորտներն անկում ապրեցին՝ միջոցառումները չեղարկվեցին, սրճարանները փակվեցին:

Արթուր Լյումեն Գևորգյանի երկու գործն էլ՝ թե՛ հարսանեկան արարողություններ լուսանկարելը, թե՛ առողջ սննդի ռեստորանը, կանգնեցին անորոշ ժամանակով: «Վնաս շատ-շատ ենք կրել», - ասում է նա:

Սակայն ճգնաժամի հետևանքով առաջացած ընդմիջումը մի քիչ ազատ ժամանակ տվեց շունչ քաշելու և սուրճի համար՝ բառի բուն և փոխաբերական իմաստով:

«Սուրճի բույրով ողողված է լինելու էս տարածքը». - լուսանկարչությունն ու մոնտաժը, պարզվեց, կարելի է հեռավար էլ կազմակերպել, իսկ գրասենյակն այլ նպատակի ծառայեցնել՝ բացել մասնագիտացված բովարան-սրճարան, որտեղ տարբեր երկրներից բերված թարմ սուրճ կպատրաստեն, կզարգացնեն սուրճի մշակույթը ու նաև ցույց կտան՝ սուրճն ինչպես խմել համն ու հոտն ամբողջությամբ զգալու համար:

Սրճարան-բովարանում երաժիշտ Շանթն է սուրճ պատրաստելու՝ կիթառահար է, Հայաստան է եկել Լիբանանից կես տարի առաջ՝ Կոնսերվատորիայում կոնտրաբաս ուսանելու, բայց երաժշտությանը զուգահեռ մի սեր էլ ունի՝ սուրճն է՝ ամեն տեսակ իր բույրով և իր նոտայով:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում նոր գործ հիմնելու համար գումար հայթայթելը ևս մարտահրավեր էր, որ դարձավ հետաքրքիր մարաթոն: «50 հազար բաժակ որոշեցինք վաճառել: Մեկ բաժակի արժեքը 500 դրամ որոշեցինք, որովհետև քրաուդֆանդինգի գաղափարը էնպես է, որ դու նախապես զեղչով ես առնում, հետո, երբ որ պրոդուկտը լինում է, դու ավելի թանկով ես առնում: Եվ 40 տոկոս զեղչ դրեցինք, ու արդեն 21 հազար բաժակ վաճառել ենք», - պատմում է Արթուր Լյումեն Գևորգյանը:

Իրենց աշխատակիցներին սուրճ են նվիրում ընկերությունները, պատգամավորներն էլ ուսանողներին են հեռակա սուրճ հյուրասիրում:

Հաջորդ նախաձեռնությունը քաղաքներին և գյուղերին սուրճ նվիրելն է. – «Կարող է հավաքվի 2 հազար սուրճ, ես ու Շանթը գնանք մի շաբաթ Գյումրիում ապրենք, ամեն առավոտ սուրճ պատրաստենք ու հրավիրենք տարբեր մարդկանց»:

Ստեղծագործական ոլորտում էլ կա հաջողության պատմություն

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սահմանափակումներից տուժեց նաև ստեղծագործական ոլորտը: Փակվեցին ճանապարհներ, չեղարկվեցին բազմաթիվ նախագծեր: Սակայն այստեղ էլ կա հաջողության պատմություն. Սնխչյանների ճարտարապետական ստուդիան կարողացավ մի զիլ նախագիծ իրականացնել, այն էլ՝ ոչ թե Երևանում, այլ՝ Մոսկվայում, հեռավար կերպով:

Մոսկվայում գտնվող ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանը 2019 թվականին որոշեց ամառային կինոդահլիճի նախագծի բաց մրցույթի աշխարհագրությունն ընդլայնել, հայտեր ընդունել ոչ միայն Ռուսաստանից, այլև Եվրասիական միության երկրներից: 136 մասնակցից ընտրվեցին 6-ը, իսկ 6-ից հանձնաժողովն անցած տարվա վերջին ընտրեց Սնխչյանների ստուդիայի նախագիծը՝ թեթև, կարծես օդում ճախրող առագաստներով տարբերակը:

Կորոնավիրուսը, սակայն, խառնեց բոլորի ծրագրերը՝ ճանապարհները փակվեցին, նախագծերի իրականացումը վտանգվեց:

Ճարտարապետները մինչ օրս դեռ անձամբ չեն էլ տեսել՝ ինչպիսին է իրենց նախագծած կառույցը, հեռախոսի և համակարգչի էկրաններից են հետևել թե՛ շինարարությանը, թե՛ բացմանը: Այժմ էլ հետևում են սոցցանցերին՝ իրենց նախագծին մարդկանց կենդանի արձագանքը հասկանալու համար:

Ամեն դեպքում, իրենց նախագծած կինոթատրոնում ֆիլմ դիտելու հույսը Սնխչյանները չեն կորցնում. - «Խոսակցություններ կան, որ կարող է էս կարանտինի պատճառով որ սեզոնի կեսը կորավ, մեր տաղավարը մնա ևս մի տարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG