Կառավարությունն այսօր վերաբաշխում կատարեց պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման պահանջներից ելնելով:
Միջոցառման նպատակը, Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է:
Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է 2020 թվականի պետբյուջեով հաստատված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակում, անհրաժեշտություն է առաջացել նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 միլիոն դրամն ուղղել 17-րդ միջոցառմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորի տրամադրում: