Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը խոստանում է իր քարոզարշավի հիմնական շեշտը դնել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Դոնալդ Թրամփի վարչակազմի ձեռնարկած գործողությունների անարդյունավետության վրա։ Այս մասին Բայդենը հայտարարել է իր հայրենի Դելավեր նահանգում անցած գիշեր հնչեցրած ելույթի ժամանակ։
Բայդենի խոսքով՝ Սպիտակ տունը ոչ միայն չի կարողացել գարնան ամիսներին համակարգել COVID-19-ի դեմ պայքարը, այլև այսօր էլ չի պատկերացնում, թե ինչպես է հարկավոր ապահովել համաճարակաբանական կանոնների պահպանումը, նախ և առաջ` կրթական համակարգում։
«Եթե նախագահ Թրամփը և նրա վարչակազմը ավելի վաղ սկսեին աշխատել այս ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, ամերիկյան դպրոցների աշխատանքը հնարավոր կլիներ վերսկսել, և դրանք անվտանգ կլինեին։ Բայց նախագահ Թրամփը մինչ օրս որևէ հստակ ծրագիր չի ներկայացրել։ Որտե՞ղ եք Դուք, պարոն նախագահ։ Մեր դպրոցները արտակարգ ֆինանսավորման կարիք ունեն։ Դուք պետք է աշխատեք այդ ուղղությամբ։ Դա է ձեր գործը։ Դուրս եկեք Twitter-ից», - հայտարարում էր Ջոզեֆ Բայդենը։