Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Բայդենը կավերի ամերիկյան երազանքը»


Դոնալդ Թրամփը հանրապետականների Ազգային համագումարում իր ելույթում հայտարարում է ԱՄՆ նախագահի թեկնածությունը ստանձնելու մասին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 27-ը օգոստոսի, 2020թ.

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է երկրորդ անգամ առաջադրվել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում։ Ընդունելով կուսակից հանրապետականների առաջարկը՝ 74-ամյա առաջնորդը խստորեն քննադատել է մրցակցին՝ նախկին փոխնախագահ, սենատոր Ջոզեֆ Բայդենին, պնդելով, թե վերջինիս հաղթանակի դեպքում «դեմոկրատները կավերեն ամերիկյան երազանքը»։

«Դեմոկրատները Ամերիկան չեն համարում այս երկրագնդի ամենաազատ, արդար ու բացառիկ երկիրը, հակառակը` նրանք տեսնում են չարագործ ազգ, որը պետք է պատժվի իր մեղքերի համար», - հայտարարել է Թրամփը, հավելելով․ - «Այս ընտրությամբ դուք կորոշեք՝ մենք պաշտպանում ենք օրինապահ ամերիկացիների՞ն, թե՞ ազատություն ենք տալիս բռնարար անարխիստներին ու հանցագործներին, որոնք սպառնում են մեր քաղաքացիների անվտանգությանը»։

Դիմելով աջակիցներին Սպիտակ տնից՝ Թրամփն իր ելույթում 40 անգամ արտաբերել է Ջո Բայդենի անունը։

Դեմոկրատ թեկնածուն Թվիթերում հակադարձել է․ «Բռնությունները, որոնց մասին խոսում է Դոնալդ Թրամփը, տեղի են ունեցել նրա վերահսկողության ներքո, նրա ղեկավարման ու նախագահության օրոք»։

Նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Ըստ սոցիոլոգիական հարցումների, Ջո Բայդենն այժմ առաջ է մրցակցից 8-10 տոկոսով։

XS
SM
MD
LG