Մատչելիության հղումներ

Ռայնիսի փողոցում պայթյունի զոհերի թիվը հասավ 2-ի


Որոնողա-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում, Երևան, 26-ը օգոստոսի, 2020թ.

41-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Այսօր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի բնակելի շենքի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 41-ամյա Էդգար Մ․-ն մահացել է։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Այդպիսով, օգոստոսի 26-ի վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասավ երկուսի, ևս մեկ մարդ՝ 71-ամյա Սվետլանա Ս.-ն, մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է, նրա վիճակը միջին ծանրության է:

Պայթյունը, հիշեցնենք, տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Փրկարարները շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում, փլատակներից դուրս են բերել երկու տուժածների: Մոտ հինգ ժամ շարունակված որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո դուրս է բերվել զոհված 58-ամյա Արթուր Ղ.-ի դին:

XS
SM
MD
LG