Մատչելիության հղումներ

Երևանյան բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է


Որոնողա-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում, Երևան, 26-ը օգոստոսի, 2020թ.
Որոնողա-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում, Երևան, 26-ը օգոստոսի, 2020թ.

Ուժգին պայթյունին հաջորդած շենքի մասնակի փլուզման հետևանքով առնվազն մեկ քաղաքացի է մահացել. 50-անց տղամարդու դին փլատակների տակից փրկարարներն ավելի քան 5 ժամ տևած որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո հանեցին։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց, թե ինչպես են գտել մահացած տղամարդու դին. - «Հեռախոսի համարն ունեինք, հեռախոսով զանգ էին տալիս փրկարարները, որպեսզի ճիշտ կողմնորոշվեին, թե որ մասում էր: Ճիշտն ասած` հեռախոսից բավականին հեռու էր»:

Հարցին, թե ավելի շուտ դուրս բերելու դեպքում հնարավո՞ր կլիներ նրա կյանքը փրկել, նախարարը պատասխանեց. - «Չէ, դժվար, որովհետև ամբողջովին հենց փլատակի տակ էր մնացած եղել: Հավանաբար քնած էր եղել, որովհետև մահճակալի մասերը քանդեցին, նոր կարողացան հանել»:

Պաշտոնապես փլատակների տակ հենց մեկ քաղաքացի էր մնացել։ Մյուսները տարհանվել էին փլուզումից անմիջապես հետո։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ նախնական տեղեկություններով` միշտ նախնական եմ ասում ինչի՞ համար, որովհետև մենք լիարժեք պատկեր 100 տոկոսանոց չէինք կարող ունենալ, թե քանի մարդ է եղել որ բնակարանում, էն, ինչ որ մենք կարողացել ենք ճշտել հարևանների, բնակիչների միջոցով, պետք է լիներ հենց էսքանը», - ասաց նախարարը: 2 բնակիչ էլ տեղափոխվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, առայժմ հստակ չէ, ըստ շրջանառվող հիմնական վարկածի՝ պայթյունը գազի արտահոսքի հետևանք է։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ևս չբացառեց այդ վարկածը. - «Չեմ կարող ասել, շատ հնարավոր է: Բալոն կարող է չլինել, սա գազիֆիկացված շենք է, կարող է լինել ուղղակի գազի արտահոսք»:

Պայթյունի պատճառով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի առաջին շքամուտքի պատշգամբային հատվածն ամբողջովին փլուզվել էր։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարի՝ քառահարկ, պանելային շենքում 12 բնակարան է մասամբ փլուզվել։ «Ամեն հարկում 3 բնակարան, էս մյուս կողմն էլ է վնասված` հակառակ կողմը, այնտեղ երկրորդ հարկն էլի վնասված է, երևում է, որ վնասված է, դա վիզուալ, մեր տեսածով», - նկատեց Ֆելիքս Ցոլակյանը:

Փլուզումից հետո շենքի տարածքից 21 քաղաքացի է տարհանվել։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներից մեկը 71 տարեկան կին է, նրա վիճակը, ըստ բժիշկների, միջին ծանրության է, հիվանդը կոտրվածքներ ունի։ Իսկ 41-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է, բժիշկների տեղեկացմամբ՝ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով։

«Արհեստական շնչառության անցել են հենց դիմելու պահից ընդունարանում: Ներկա պահին ինքն արհեստական շնչառության տակ է, և կատարվում են միջոցառումները, բժշկական միջամտությունները, որոնք ուղղված են առաջնահերթ կյանքը փրկելու համար», - տեղեկացրեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բուժական գծով փոխտնօրեն Արմենակ Բդոյանը:

Պայթյունը վնասներ էր հասցրել նաև հարևանությամբ գտնվող շինություններին։ Կոտրվել էին տների ու բնակարանների պատուհանների ապակիները։ Հարակից շենքերի բնակիչների մի մասն առավոտյան պայթյունի ձայնից էր արթնացել։

«Անմիջապես 911 զանգահարեցինք և իջանք ներքև` հասկանալու համար, թե ինչ է պատահել: Հայրս և շենքի բնակիչներն առաջիններից են եղել, ովքեր փորձել են փլատակներից ազատել բնակիչներին և մինչև շտապ օգնության մեքենաների, ԱԻՆ-ի մեքենաների ժամանումը կարողացան մեկ հոգու գտնել, միանգամից համախմբվեցին և կարողացան մի բնակչուհու հանել: Դե տհաճ տեսարան էր, արյունոտված:

Ես ինքս տեսել եմ տարհանման պրոցեսը, փառք Աստծո, ոչ ոք տարհանվածներից վնասվածքներ չուներ, պարզապես հոգեբանորեն ծանր վիճակում էին գտնվում մարդիկ, դե բնական է, քնից ոնց որ արթնացել էին, երեխաներ, մայրեր, մանկահասակ երեխաներ էլ կային, միջին հասակի երեխաներ էլ կային», - պատմում է բնակիչներից մեկը:

Մյուսի ներկայացմամբ. - «Ժամը 7:15 էր, քնած չէի, արթուն էի, բայց շատ վախեցա, լսել եմ: Ապակիները, մեքենաների սիգնալիզացիաները լրիվ միացան»:

Առավոտյան տարածքում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարի, հանձնարարել է բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած բնակիչները կստանան անհրաժեշտ օգնություն, այս մասին էլ Ֆեյսբուքում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշել է, որ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունությունն ու դրա հիման վրա էլ հետագայում վերականգնման հարցը։

Ավելի ուշ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում։

XS
SM
MD
LG