Մատչելիության հղումներ

ԱԱԾ. «Օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ»-ը ձերբակալվել է


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաների բացահայտման մասին:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի` օգոստոսի 25-ին քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, ով նույն օրը քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել է: Քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, ստանալով և պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և հանդիսանալով այդ կարգավիճակով ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2020 թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և ստանձնել է մասնավոր` պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը:

Նույն քրեական գործի շրջանակներում բերման են ենթարկվել ևս 4 անձինք:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 3-ը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, ձերբակալվել են, իսկ 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բացի այդ, ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով նույն օրը ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Ա. Թ.-ն 2020 թ. փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020 թ. փետրվարի 22-ից սկսած նաև ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Միաժամանակ Ա.Թ.-ն, գտնվելով արգելանքի տակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցում, կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, մասնավորապես՝ իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է ՔԿՀ-ում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից, քրեակատարողական հիմնարկի այլ տեղամասերի «արտոնյալ» կալանավորների և դատապարտյալների հետ քննարկել է տվյալ տեղամասում վերահսկողությունը թուլացրած և կալանավորված անձանց շրջանում հեղինակությունը կորցրած այսպես կոչված մեկ այլ «զոն նայողին» պատժելու հարցը:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ հայտնաբերելու նպատակով վերը նշված անձանց բնակարաններում հիշատակված քրեական գործերով կատարվել են ընդհանուր թվով 6 խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, վեճի առարկա հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայագրեր, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG