Մատչելիության հղումներ

Ըստ Գոլիկովայի՝ Ադրբեջանը դիմել է ռուսական պատվաստանյութի համար, Բաքուն դեռ չի հաստատում


Ռուսաստան - Sputnik V պատվաստանյութի մշակման աշխատանքները Նիկոլայ Գամալեյայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնում, Մոսկվա, օգոստոս, 2020թ.
Ռուսաստան - Sputnik V պատվաստանյութի մշակման աշխատանքները Նիկոլայ Գամալեյայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնում, Մոսկվա, օգոստոս, 2020թ.

Ադրբեջանը Ռուսաստանին է դիմել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու հարցով: Այս մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում:

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների համաձայն, աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ այդ թվում Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը , Բրազիլիան, Վենեսուելան, ցանկություն են հայտնել ձեռք բերել Sputnik V («Սպուտնիկ Վի») պատվաստանյութը:

Պաշտոնական Բաքուն, սակայն, առայժմ որևէ կերպ չի հաստատել կամ մեկնաբանել վիճահարույց ռուսական պատվաստանյութի համար իր դիմելու մասին Ռուսաստանի իշխանությունների պնդումները:

Հաշվված ամիսների ընթացքում ստեղծված կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դնում՝ պնդելով, որ դեղամիջոցը բավարար չափով չի փորձարկվել և հայտնի չէ մարդու օրգանիզմի վրա դրա թողած ազդեցությունը: Միացյալ Նահանգները ընդհուպ պատժամիջոցներ է սահմանել այդ պատվաստանյութի հեղինակների դեմ՝ նման որոշումը պայմանավորելով նրանց գործունեությամբ, որը, ըստ Վաշինգտոնի, հակասում է «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն ու ազգային շահերին»։

Մինչ աշխարհի առաջատար գիտական հաստատություններում մշակում են կորոնավիրուսի դեմ 200-ի հասնող պատվաստանյութեր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթներ առաջ շտապեց հայտարարել, որ ռուս գիտնականներն առաջ են անցել գործընկերներից և առաջինն աշխարհում գրանցել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այդուհանդերձ, թերահավատորեն ընդունեց ռուսական պատվաստանյութի ստեղծման մասին տեղեկությունները՝ շեշտելով, որ այն գրանցվել է առանց կազմակերպության ուղեցույցում նշված կլինիկական փորձակումների բոլոր փուլերն անցնելու:Մինչդեռ փաստաթուղթը պահանջում է, որ մշակվող պատվաստանյութն առաջին փուլում փորձարկվի կենդանիների վրա, այնուհետև՝ կամավորների փոքր խմբի, ապա՝ հազարավոր կամավորների վրա: Ռուսաստանը, մինչդեռ, կլինիկական փորձարկումների երրորդ փուլը սկսում է պատվաստանյութը գրանցելուց հետո։

Աշխարհում այս պահին մշակվում են կորոնավիրուսի դեմ տասնյակ պատվաստանյութեր, որոնք գտնվում են փորձարկումների տարբեր փուլերում, մասնավորապես՝ կլինիկական փորձարկումների փուլ հասած 25 դեղամիջոցներից 6-ը հնարավորինս մոտ է կիրառման, մոտ մեկ տասնյակ արտադրողներ, այդ թվում` Moderna-ն, աշխարհահռչակ Pfizer-ը, գերմանական BioNTech-ը, բրիտանական AstraZeneca-ն անցել են փորձարկումների երրորդ` վերջնական փուլին:Ըստ տարբեր գնահատականների՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել լավագույն դեպքում հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG