Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին արգելափակում է Անակլիայի նավահանգստի կառուցումը․ Խազարաձե


Վրաստան - Մամուկա Խազարաձեն Անակլիայում հայտարարում է «Լելո» շարժման հիմնադրման մասին, 12-ը սեպտեմբերի, 2019թ․

Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին արգելափակում է Անակլիայի նավահանգստի կառուցումը: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին լրագրողների կողմից ստեղծված ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերության եթերում այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարեց Անակլիայի նավահանգստի միջազգային կոնսորցիումի և երկրի խոշորագույն TBC բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեն:

«Դա ոչ միայն նավահանգիստ է, որը հնարավորություն կունենա տասնյակ հազարավոր կոնտեյներներ տեղափոխող նավեր ընդունել: Անակլիայի շահագործումը նաև նոր աշխատատեղերի ստեղծում է: Մեր հաշվարկներով՝ Անակլիայի շինարարության արդյունքում 10 հազար նոր աշխատատեղ է ստեղծվելու: Անգլիական ճարտարապետական ընկերությունները արդեն իսկ ավարտել են «Անակլիա Սիթի» քաղաքի հատակագիծը: Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ է տրամադրել, որ պետք է ուղղվի Անակլիայի շինարարությանը: Վրաստանի կառավարության գործողությունները, սակայն, ուղղված են այս նախագծի դեմ», - պնդում է Խազարաձեն, որը, հիշեցնենք, անցած ամիս հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մտադրության մասին:

Հենց Անակլիայում կազմակերպած շնորհանդեսի ընթացքում էր, որ Մամուկա Խազարաձեն հայտարարեց «Լելո» կոչվող շարժման ստեղծման մասին: Առաջիկայում, ըստ Խազարաձեի, շարժումը վերագրանցվելու է որպես քաղաքական կուսակցություն` 2020 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Խազարաձեն իր ղեկավարած ուժը բնութագրում է որպես արևմտամետ, որի գլխավոր նպատակը լինելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը նպաստելը:

Անակլիայի նավահանգստի շինարարության շուրջ զարգացումները ևս Խազարաձեն դիտարկում է աշխարհքաղաքական լույսի ներքո:

«Կարծում եմ, որ այս ամենի պատճառը ռուսական ազդեցությունն է: Մոսկվայի համար Անակլիան կարող է դառնալ այն դարպասը, որը կխոչընդոտի ռուսական տարանցիկ առևտրի ծավալմանը: Այստեղ կարևոր գործոն են հանդիսանում նաև Իվանիշվիլիի պարտավորությունները Ռուսաստանի առջև: Ի վերջո, Իվանիշվիլին հենց Ռուսաստանում է կուտակել իր 6-միլիարդանոց կարողությունը: Նաև պատահական չէր, որ ԱՄՆ պետքարտուղար Փոմփեոն ամիսներ առաջ հայտարարեց` զարգացրեք ժողովրդավարությունը և կառուցեք Անակլիան, բայց ոչ ռուսների և չինացիների հետ միասին», - նշում էր Մամուկա Խազարաձեն:

XS
SM
MD
LG