Մատչելիության հղումներ

Վրաստանցի մեծահարուստը հայտարարում է նոր շարժման հիմնադրման մասին


Վրաստան - Մամուկա Խազարաձեն հայտարարում է «Լելո» շարժման հիմնադրման մասին, Անակլիա, 12-ը սեպտեմբերի, 2019թ․

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ երկրի ամենահարուստ գործարարներից մեկը` TBC բանկի հիմնադիր և Անակլիայի նավահանգստի շինարարությամբ զբաղվող միջազգային կոնսորցիումի գլխավոր ներդրողներից Մամուկա Խազարաձեն, հայտարարում է հասարակական նոր շարժման հիմնադրման մասին:

Այս հայտարարությամբ գործարարը հանդես եկավ նախօրեին Անակլիայում` ծովափին: Նրա խոսքով՝ Անակլիան որպես շարժման հիմնադրման վայր պատահական չէ ընտրվել․ - «Սա Վրաստանի` Եվրոպային ամենամերձակա կետն է, վերջին դարպասը Վրաստանի և Եվրոպայի միջև», - հայտարարում էր Խազարաձեն: Նրա խոսքով՝ շարժման հիմքի վրա մոտ ապագայում քաղաքական կուսակցություն կձևավորվի, որն էլ կմասնակցի 2020-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Դա ոչ թե Խազարաձեի կուսակցությունը կլինի, այլ առաջնորդների կուսակցություն: Այն հորիզոնական կառուցվածք կունենա` կոնկրետ արդյունքի ձեռքբերմանը միտված», - հայտարարում էր Խազարաձեն:

Գործարարի ստեղծած շարժումը կոչվում է «Լելո»: Դա միջնադարյան վրացական թիմային խաղ է, որը փոքր-ինչ ռեգբի է հիշեցնում, մի տարբերությամբ, որ լելոյում գնդակի քաշը 18 կիլոգրամ է կազմում:

Թե ինչու է իր ընտրությունը հենց այդ անվանման վրա կանգ առել, Խազարաձեն չի նշում:

Նրա խոսքով, սակայն, «Լելո»-ն հստակ արևմտամետ դիրքորոշում է ունենալու և որպես գլխավոր նպատակ դիտարկելու է հաղթանակը ապագա խորհրդարանական ընտրություններում:

«Ես հասկանում եմ, որ քաղաքականության մեջ չի կարելի կոնկրետ ժամկետներ և նպատակներ նախանշել, քանի որ մարդիկ քաղաքական դաշտ են մուտք գործում իշխանության գալու նպատակով: Մենք հակառակը կանենք` կնշենք ժամկետները և նպատակները, ապա արագ քայլեր կձեռնարկենք, հակառակ դեպքում կհայտնվենք մտավոր ճահճում: Մենք 12 առաջնորդ կգտնենք` 12 բարեփոխիչ առողջապահության բնագավառում, 12-ին` կրթության ասպարեզում, 12 առաջնորդ՝ գյուղում: Այս երկրի փրկությունը ոչ թե մեսիայի, այլ մեզնից յուրաքանչյուրի գործն է», - հայտարարում էր Մամուկա Խազարաձեն:

Խազարաձեն Վրաստանի խոշորագույն գործարարներից մեկն է, որ մինչև վերջերս գերադասում էր հեռու մնալ քաղաքականությունից: Մի քանի ամիս առաջ Վրաստանի դատախազությունը նրա դեմ քրեական գործ հարուցեց` պնդելով,որ Խազարաձեին պատկանող TBC բանկը զբաղված է եղել փողերի լվացմամբ: Ինքը գործարարը հարուցված գործը շինծու է որակում` պնդելով,որ այդ քայլով երկրի իշխանությունները փորձում են կանխել իր մուտքը քաղաքական դաշտ:

XS
SM
MD
LG