Մատչելիության հղումներ

Նոր զոհեր և տուժածներ Բելառուսում


Բելառուս - Օգոստոսի 19-ի բողոքի ցույցը Գոմելում

Բրեստում բողոքի ցույցերի ընթացքում գլխին ստացած հրազենային վիրավորումից Մինսկի հիվանդանոցներից մեկում մահացել է 44-ամյա Գենադի Շուտովը: Երկու օր հարազատները չէին կարողանում գտնել նրան: Ներքին գործերի նախարարությունը հաստատում էր, որ Բրեստում ոստիկանությունը կրակել է ցուցարարների վրա, և մեկ մարդ վիրավորվել է: Քննչական կոմիտեից հայտնում են, թե տղամարդն ինքն էր հարձակվել ոստիկանների վրա:

Վոլկովիսկի Ռազմական պատմության թանգարանի տնօրեն 29-ամյա Կոնստանտին Շիշմակովի դին գտել են անտառում: Մահվան պատճառը դեռ պարզ չէ: Շիշմակովը օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո հրաժարվել էր ստորագրել կեղծված արձանագրությունը, այնուհետև մեկ շաբաթով գնացել էր արձակուրդ, արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրը հեռախոսով հայտնել էր կնոջը, որ ազատված է աշխատանքից և տուն է վերադառնում, ապա անհետացել էր:

Մինսկում ավտոբուսի կանգառում 16-ամյա Թիմուր Միցկևիչը դաժանորեն ծեծի էր ենթարկվել անվտանգության ուժերի կողմից, բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են պահում: Ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել:

Նախնական կալանքի վայրերում խոշտանգումների ապացույցներն էլ բազմապատկվում են:

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան առանձին տեսաուղերձով կոչ էր արել եվրոպական երկրների առաջնորդներին չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները: Եվրամիությունը հատուկ գագաթնաժողով անցկացնելով չճանաչեց դրանք և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ընտրակեղծիքներին և բռնություններին մասնակցած անձանց նկատմամբ։ 53 միլիոն եվրոն, որը նախատեսված էր Բելառուսի կառավարության համար, Եվրամիությունն ուղղելու է քաղաքացիական հասարակությանը և ոստիկանության բռնությունների զոհերին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Բելառուսի գործող նախագահ, ընտրությունների պաշտոնական արդյունքներով վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին, սակայն վերջինս հրաժարվել է խոսել:

Լիտվայի արտգործնախարարությունն արգելել է Լուկաշենկոյի և բելառուսցի 31 այլ պաշտոնյաների մուտքը երկիր:

XS
SM
MD
LG