Մատչելիության հղումներ

«Քաոս է տիրելու». Դպրոցների սահմանափակումներով վերաբացումը դժգոհություններ է առաջացրել


Չորս դպրոցահասակ երեխաների մայր Շուշան Դոյդոյանը անարդյունավետ է համարում կրթության նախարարության ներկայացրած սահմանափակումներով դպրոցների վերաբացումը։

Կարծում է՝ պետք է ընտրության հնարավորություն տրվեր դպրոցներին, որոնք էլ կորոշեին, թե ինչպես կազմակերպեն դասընթացները։

Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով՝ առավելագույնը 20 աշակերտով։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի։ Այս սահմանափակումները պարտադիր են նաև մասնավոր դպրոցների համար։

«Շատ կտրված է որոշումը կայացվել բուն համայնքի կարիքներից, ծնողների կարծիքը որևէ մեկը չի հարցրել, որևէ մեկը ուսուցչական անձնակազմի կարծիքը չի հարցրել, թե ինչպիսի թերի, դեմ կամ կողմ կարծիքներ կարող են հնչել: Այսինքն հանրույթն ընդհանրապես չի մասնակցել, որևէ տեսակի մասնակցություն չի ունեցել այս որոշման կայացմանը», - ասաց Շուշան Դոյդոյանը:

Նրա կարծիքով՝ պատշաճ վերահսկողություն, այնուամենայնիվ, անհնար է իրականացնել. «Իրանք երեխա են ամեն դեպքում, առանց ծնողի հսկողության և մեկ ուսուցիչ 10-ից ավելի երեխաների հետ, ուղղակի անհնար է լինելու պատշաճ հսկողություն իրականացնել՝ ինչքանով ճիշտ և անվտանգ են կրում դիմակը, որովհետև դիմակը պաշտպանիչ է, եթե դա անվտանգ ես կրում: Եթե պետք է կեղտոտ ձեռքերով անընդհատ ձեռք տաս, ընկնի հատակին, դնես երեսիդ և այլն, դա հղի է անկանխատեսելի առողջական խնդիրներով»:

Պատկան մարմինները կոչ են անում՝ դպրոցներում խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Սակայն, օրինակ, Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում անգամ խմելու ջուր չկա, ասում է դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոհար Ղազարյանը. «Լվացվելու ջրի հետ կապված միշտ խնդիր եղել է: Ֆիզկուլտից հետո, որ գնում էինք, խմելու ջուր էլ չկար, որ խմեինք, նույնիսկ՝ լվացվելու էլ»:

Մոտ 400 աշակերտ ունեցող Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Սամվել Մարտիրոսյանի կանխատեսումները բավականին մռայլ են, ասում է սեպտեմբերի 15-ից դպրոցներում «քաոս» է տիրելու։

«Դասապրոցեսը դառնալու է շատ բարդ դասատուների համար, եթե հաշվի առնենք, որ նաև շաբաթ օրերն են մտնում, որը, էլի, մեծ հարց է արդյոք արժե՞ր այդպես անել, թե՞ չէ: Ես ենթադրում եմ, որ մեկ-երկու ամիս հետո դասատուներն ուղղակի կսկսեն շարքից դուրս գալ՝ շատերը հա՛մ ժամաքանակի հետ կապված, հա՛մ ընդհանուր հոգեբանական. բարդ է: Օրինակ՝ նույն դասը փորձեք երկու անգամ անել, և դա շատացնում է քանակը, նույն բանը կրկնելը և այլն», - ասաց Մարտիրոսյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է՝ դպրոցները վեցօրյա դարձնելով մեծացնում են ռիսկերն այն աշակերտների և ծնողների համար, ովքեր հանրային տրանսպորտից են օգտվում։ Առաջարկում է՝ դպրոցները բացել մինչև 6-րդ դասարանցիների համար, մնացածը հեռավար մասնակցեն։

«Եթե դասը էապես կրճատվելու է, ասենք, 25-30 րոպե, այդ դեպքում նորից հարց է առաջանալու, թե որն է ավելի լավ՝ 25 րոպեանոց դասի համար գնալ դպրոց, թե 45 րոպե անել հեռավար: Կարծում եմ՝ դասամիջոցների հարցը պետք է կարգավորել սահուն գրաֆիկով, այսինքն տարբեր դասարաններ իրարից 5 րոպե տարբերությամբ սկսեն, որպեսզի դասամիջոցները նաև տարբեր ժամերի լինեն, որ երեխաները գոնե կարողանան դասարանից դուրս գալ, որովհետև շատ մեծ ագրեսիա կարող է կուտակվել, եթե իրենց դասամիջոցներին պահեն դասարաններում», - ասաց Խաչատրյանը:

Մանկաբույժ Մարի Դարակչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դպրոցներում պետք է հստակ ջերմաչափում իրականացվի, դիմակների որոշակի պաշար լինի, ինչպես նաև մանկավարժները պետք է վերապատրաստում անցնեն։

«Եթե երեխայի հետ տարվի ճիշտ հոգեբանական աշխատանք, ապա երեխան մեծ սիրով կկարողանա կրել այդ դիմակը, ավելի ցածր դասարաններում դա կարող է լինել խաղի տեսքով, իսկ ավելի մեծ երեխաների հետ, իհարկե, ավելի շատ բացատրական աշխատանքներ տանելու արդյունքում: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ երեխաները վերջին վեց ամիսների ընթացքում բակերում ակտիվ շփվել են իրար հետ, խաղացել են իրար հետ, դիմակներ չեն կրել: Եթե այդ ֆոնի վրա ամեն դեպքում ավելացում դեպքերի չունենք, այս միջոցներն ուղղակի հավելյալ կանխարգելման նպատակով են արվում», - նշեց Դարակչյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանը երեկ «Ազատություն» հետ զրույցում նշել էր, որ այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը վարակի տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է, և որքան որակյալ սա կազմակերպեն, այնքան մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում կհրաժարվեն նաև այս սահմանափակումներից և լիարժեք դասապրոցես կիրականացնեն։

XS
SM
MD
LG