Մատչելիության հղումներ

Եվրոպական համալսարաններ դիմած հայ ուսանողները հայտնվել են անորոշ իրավիճակում


Հռոմի համալսարան ընդունված Թագուհի Չախոյանը, 15 օգոստոսի, 2020թ.

23-ամյա Թագուհի Չախոյանը շուրջ երկու տարի պարապել և ընդունվել է Հռոմի համալսարաններից մեկը, սակայն փակ սահմանների հետևանքով այս պահին պարզ չէ, թե ինչպես է կարողանալու մեկնել և մասնակցել դասընթացներին։

«Երկու տարի շարունակ աշխատում էի, որ ընդունվեի Եվրոպական համալսարան, ու թվում է, թե ամեն ինչ ստացվել է, և պետք է սովորեմ Հռոմի Roma Tre համալսարանում, ու ստացվում է, որ այսպես անորոշ վիճակ է, հնարավոր չէ վիզա ստանալ, որովհետև իտալական դեսպանատունը դեռ մնում է փակ, ու դրա համար նույնիսկ հնարավոր չէ ուսանողական վիզաները դեռ ներկայացնել։ Մեր կոորդինատորներից ստացված տեղեկատվության համաձայն` ենթադրվում է, որ դասերը լինելու են սովորականի պես, այսինքն` ոչ հեռավար կարգով, ոչ օնլայն հարթակում այսպես ասած: Մեր մնացած համակուրսեցիներն արդեն տեղափոխվել են Իտալիա, արդեն կարանտինի մեջ են այսպես ասած, ու հիմնական խնդիրը միայն ես ունեմ, կարելի է ասել, որպես Հայաստանի քաղաքացի», - պատմում է նա:

Համակուրսեցիների հետ միասին արդեն իսկ լուծել էին կացության խնդիրը. Հռոմում տուն վարձել և կանխավճար թողել. - «Ես մոտավորապես 370 եվրոյի կարգի արդեն վճարել եմ, իհարկե ընկերներիս միջոցով այնտեղ Իտալիայի, որովհետև հետո այսինքն` տրամաբանում եմ, որ գնամ, արդեն Հռոմ հասնեմ, կրթաթոշակ ստանալու դեպքում արդեն ամեն ինչ կլուծվի: Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի պայմանագիր ենք կնքել տանտիրոջ հետ»:

Նույն իրավիճակում են հայտնվել բազմաթիվ հայ ուսանողներ։ Նրացից մեկն էլ Մանե Ծատուրյանն է, ով այս տարի սովորելու նպատակով պատրաստվում է մեկնել Պորտուգալիա. - «Անցել ենք Պորտուգալիայի Porto համալսարանում կես կիսամյակ սովորելու, այդ կրթաթոշակն ենք շահել։ Հինգ հոգի ենք ընդհանուր, և հինգս էլ դեռևս անորոշ վիճակում ենք, քանի որ կորոնավիրուսի համաճարակը բռնկվեց»:

Արտերկրում ուսում ստանալու ցանկությունը թեև մեծ է, սակայն իրավիճակով պայմանավորված՝ մեկնելու հնարավորությունն է խնդիր դարձել. - «Շատ-շատ բան է փոխում ուրիշ միջավայրում կրթություն ստանալը, ուրիշ լեզվով, քեզ ավելի է կոփում որպես մարդ ու մասնագետ, դրա համար շատ մեծ հույսեր ունեինք, շատ էինք ուզում գնալ ու այս փորձով անցնել, բայց ինչպես տեսնում եք, դեռևս վստահ չենք»:

Ոչ ֆորմալ կրթություն ստանալու նպատակով այս տարի տասնյակից ավելի երիտասարդներ պետք է մեկնեն եվրոպական երկրներ։ Հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Փառանձեմ Հովհաննիսյանը նշում է՝ փակ սահմանների հետևանքով եթե Հայաստանի մասնակիցները չեն կարողանում մեկնել արտերկիր՝ ոչ ֆորմալ կրթություն ստանալու, ապա նրանց փոխարեն այլ երկրից են մասնակից ընտրում. - «Այս տարի ունենք 11 ընտրված կամավոր, սակայն նրանցից որևէ մեկը չի կարողացել գնալ։ Նրանցից երկուսի դեպքում հունիսին էր ծրագրի սկիզբը, ձգեցինք մինչև օգոստոս, բայց փաստացի մնացին դրսում, չկարողացան մասնակցել մեկնել: Եվ մնացած ինը հոգին արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին պիտի մեկնեն, և լրիվ անորոշ վիճակ է։ Ինը հոգու դեպքում սպասում ենք, ժամանակ մեզ տվել են մինչև հոկտեմբերի մեկը, եթե մինչև հոկտեմբերի մեկը կարողանանք կազմակերպել այնպես, որ մեր կամավորներն ունենան վիզաներ, նրանք կմեկնեն, կմասնակցեն իրենց 12-ամսյա ծրագրերին, եթե ոչ, կրկին ստիպված կլինեն մերժել մեր կամավորներին։

Դիմել ենք մի քանի դեսպանատներ, որտեղ որ պետք է գնային` Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան։ Դեսպանատները նշել են, որ մինչև օգոստոսի վերջ գոնե պիտի սպասենք, որովհետև իրենք էլ չգիտեն, թե ինչ կլինի»:

Արտասահմանյան բուհեր ընդունված կամ կրթական փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնել ցանկացող երիտասարդների խնդրին օրեր առաջ անդրադարձավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. - «Դա կախված է անհատական, ամեն մի երկրի կարգավորումներից, նաև ամեն մի բուհի կարգավորումներից, թե իրենք իրենց մոտ ինչպես են կազմակերպելու, և որ մենք ցանկերով անցնենք, արդեն համապատասխան ցանկերով տեսնենք` այս երիտասարդներն այս բուհերում են, համապատասխան երկրների կարգավորումներն էլ հասկանանք, ասում եմ` անհատապես պետք է Կրթության, գիտության նախարարությունն աշխատի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, որպեսզի հասկանանք` որտեղ ենք մենք օրինակ` միջնորդում երիտասարդների համար այդ սահմանների վերանայման առումով: Այսինքն` նմանատիպ հարցեր են առաջանալու, բայց դա մեր սահմանափակումների հետ կապ չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG