Մատչելիության հղումներ

Սպանված ոստիկանների կանայք պահանջում են «արժանի պատիժ»


2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի այսօրվա դատական նիստին խոսեցին զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի կանայք։

Դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ նրանք խնդրեցին արդարադատություն իրականացնել և պատժել իրենց ամուսիններին կյանքից զրկած զինված խմբի անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված և մոտ երեք շաբաթ հետո հիվանդանոցում մահացած Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը շեշտեց՝ արդար պատիժը կարևոր է նաև իրենց զավակների համար, որ հետագայում վրեժխնդրությամբ չլցվեն. – «Այս մարդիկ, ովքեր դատարանում նստած են ամբաստանյալի աթոռին, մեր խորին համոզմամբ, հանցագործներ են և վերջ: Նման պայմաններում դատարանը պետք է արդարացի վճիռ կայացնի, յուրաքանչյուրին իր հասանելիք պատիժը նշանակի, որպեսզի մեր զավակների սրտում ատելությունն ու վրեժխնդրությունը բույն չդնեն, և մի օր էլ նրանց հանցագործ չդարձնեն»:

Անցած շաբաթ մեղադրողներն իրենց մեղադրական ճառում դատարանին առաջարկեցին ոստիկանության ՊՊԾ գունդը 4 տարի առաջ երկու շաբաթով գրաված զինված խմբի անդամներին դատապարտել 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

2016-ին «Սասնա ծռերի» գործողությունների ընթացքում երեք ոստիկան զոհվեց՝ գնդապետ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը։ Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է Արմեն Բիլյանը, որի համար դատախազները պահանջել է 21 տարվա ազատազրկում։ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը, ում համար դատախազները ցմահ ազատազրկում են պահանջում։

Զինված խմբի անդամները գունդը գրավելիս նաև պատանդ էին վերցրել այն ժամանակ Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ինչպես նաև շտապօգնության բժիշկներին:

Ոստիկանների հարզատներից ոմանք կարծում են, որ ողջ խումբը պետք է ենթարակվի երկարատև դատապարտման, 8-9 տարին քիչ է։

Հասմիկ Ոսկանյանն այժմ միանյակ է մեծացնում որդուն։ Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի և նրանց աջակիցների հայտարարություններին, թե նրանք ամբստամբություն են արել ընդդեմ այն ժամանակվա իշխանությունների` ոստիկանի այրին պնդեց, որ դա չի արդարացնում զինված խմբի գործողությունները. – «Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովրդի համակրանքը չվայելող ուժին հնարավոր է եղել հեռացնել առանց գեթ մեկ կաթիլ արյուն թափելու»:

Այրին, դիմելով ամբստանյալներին, ասաց՝ դուք բողոքում եք, որ ձեր հանդեպ անարդար են վարվում, բայց դուք ողջ և առողջ նստած եք. – «Դուք իմ ամուսնու հանդեպ արդա՞ր վարվեցիք... Ու դեռ զարմանում եք, որ իրավահաջորդներս պահանջում ենք զմահ ազատազրկում: Ձեր որդիները ձեր կողքին են, ու դուք ձեր կանանց և ծնողների կողքին եք: Դուք դեռ բողոքելու և պահանջելու ինչ-որ բա՞ն ունեք: Ձեր հարազատները կարող են ձեզ տեսնել, այցի գալ: Դուք կարող եք տեսնել ձեր երեխաների մեծանալը, դպրոց հաճախելն ու ավարտելը, տեսնել ամուսնությունը և զգալ թոռնիկի քաղցրությունը: Բայց դուք դահիճի նման զրկեցիք ամուսնուս կյանքից ու կյանքի այս լուսավոր պահերից: Օգոստոսի 13-ին միայն Գագիկը չմահացավ, նաև` իմ հոգին: Ցավս մեծ է, խելագարվելու չափ անտանելի»:

Ըստ պաշտոնական վարկածի, դիպուկահարի կրակոցից զոհված Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը ևս կարևորեց արդար դատավճիռը. – «Ինչպե՞ս կարող ենք մենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երեխաների հայրերը իրենց կյանքից զրկվեցին խաղաղ պայմաններում, իրենց պարտականությունները կատարելիս: Եվ ասացեք խնդրում եմ, ինչպե՞ս պետք է մենք դաստիարակենք մեր զավակներին, որ նրանք կյանքում հանցագործ չդառնան` իրենց հերթին կյանքից զրկելով մարդասպաններին: Հենց այստեղ է պետության պարտականությունը. դատարանների միջոցով իրականացնել արդարադատություն, որպեսզի ամեն մարդ հանցավոր արարքի համար արժանի պատիժ ստանա: Իմ բոլոր տագնապներով հանդերձ, համոզած եմ` արդարությունը կկատարվի»:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց, քանի որ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց ելույթներին պատրաստվելու համար։

Նիստի ավարտից հետո «Սասնա ծռերի» առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, թե գործի ապացույցները կեղծված են։ Ավետիսյանը կրկին հայտարարեց՝ իրենք ապստամբություն են արել, ինչի իրավունքն ունեին. – «Ցավալի է, որ այդպես է, շատ ցավալի է։ Նախ արձանագրենք, որ երկու ոստիկանին սպանել է ռեժիմը` ուղիղ ձևով. մեկին` անուղղակի ձևով, մեկին ուղղակի գնդակահարել է: Իսկ առաջին ոստիկանի մահը ուղղակի դիպվածի, պատահարի հետևանք է: Որևէ մեկը չի գնացել մարդ սպանելու, թեպետ ապստամբության իրավունքի տեսակետից այդպիսի մահացու կրակի կիրառումը ռեժիմի զինված պահապանների նկատմամբ արդարացված է: Բայց մենք չենք գնացել այդ քայլին: Տղաները անգամ վիրավորվելուց հետո ուղիղ կրակ չեն բացել, այլ ուղղակի կրակել են պատին, և հետհարվածով, ցավոք սրտի, դիպել է…»

Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ապստամբած Վարուժան Ավետիսյանը, որ մինչև թավշյա հեղափոխությունը կալանքի տակ էր և ազատության մեջ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, քննադատեց ներկայիս իշխանությանը. – «Որևէ համակարգային փոփոխություն թե' արտաքին քաղաքականության, թե' ներքին քաղաքականության ասպարեզում... ոչինչ տեղի չի ունեցել: Ընդհակառակը` մենք ավելի ենք խրվում կիսագաղութային այս ճահիճի մեջ, և դեպի Կրեմլի մշակած վերջնական գաղութացման նպատակին ենք գնում, Արցածի աբխազացման, այնուհետև` արդեն ամբողջ Հայաստանի աբխազացման»:

Սպասվում է, որ հաջորդ նիստին պաշտպանական կողմի ելույթները լսելուց հետո դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։

XS
SM
MD
LG