Մատչելիության հղումներ

Դպրոցների վերաբացումն աշխարհում. որտեղ են հաջողել և ինչպես


Դպրոցական դասարան Իսրայելում

Տասնյակ երկրներ ողջ աշխարհով մեկ այս օրերին կանգնած են միևնույն խնդրի առաջ` բացե՞լ, թե՞ չբացել դպրոցները նոր ուսումնական տարում, և եթե բացել, ապա ինչպե՞ս անել, որ ուսուցումը լինի շարունակական, ոչ թե կրկին ընդհատվի համաճարակի նոր բռնկումների պատճառով: Շատերը փորձում են պատասխանները գտնել`հաշվի առնելով այն երկրների փորձը, որոնք արդեն իսկ անցել են այս ճանապարհով:

Դանիա. փոքր խմբեր, շարունակական օդափոխություն

Լավագույն օրինակներից մեկը համարվում է Դանիան, որը դպրոցները վերաբացեց դեռ անցած ապրիլի 15-ին, մեկ ամիս շարունակված կարանտինից հետո: Որոշումը կայացվեց տևական քննարկումներից հետո և ամենաբարձր մակարդակով. խորհդարանի հավանությունը ստանալու համար կառավարությունը փաստել էր` պարտավոր են գնալ այդ քայլին` երեխաների կրթության իրավունքը երաշխավորելու համար:

Մշակվել էր մանրակրկիտ ծրագիր, որի համաձայն նախ դպրոց էին վերադարձել 2-12 տարեկանները, ընդ որում դասարանները բաժանվել էին փոքր`12 հոգանոց խմբերի: Խմբերի միջև շփումները նվազագույնի հասցնելու համար սահմանվել էին հատուկ կանոններ` յուրաքանչյուրը դպրոց էր գալիս հատուկ իր համար նախանշված ժամին, ճաշում առանձին ու ժամանակն անցկացնում դպրոցի և խաղահրապարակի` հատուկ իր համար առանձնացված տարածքում: Անխտիր բոլորը պարտավոր էին ախտահանել ձեռքերը յուրաքանյուր երկու ժամը մեկ, օրական երկու անգամ էլ մաքրել գրենական պիտույքներն ու պարագաները:

Դասերն անցնում էին առանց դիմակների, փոխարենը նստարաններն այնպես էին շարված, որպեսզի դրանց միջև լինի առնվազն երկու մետր հեռավորություն: Ամենակարևոր պահանջը, սակայն, դասասենյակների շարունակական օդափոխությունն էր. հնարավորության դեպքում դասերը բացօթյա էին անցկացվում:

Մեկ ամիս անց` մայիսին, երբ պարզ դրաձավ, որ ձեռնարկված քայլերը արդյունավետ են, և երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեպքերը չեն ավելացել, նույն կանոններին հետևելով դպրոց վերադարձան նաև միջին և ավագ դպրոցների աշակերտները: Դանիական այս փորձը կիրառվել է նաև Ֆինլանդիայում և Նորվեգիայում. այստեղ ևս հաջողվեց խուսափել նոր բռնկումներից:

Հարավային Կորեա. բացել-չբացելու որոշումը կարող է տնօրենը կայացնել

Հաջողված մյուս մոդելը մշակվել է Հարավային Կորեայում, որը հայտնի է երկարատև ու գերծանրաբեռնված դասապրոցեսով`աշակերտները հաճախ օրվա ուղիղ կեսը`12 ժամ դպրոցում են անցկացնում:

Կրթական այսպիսի համակարգ ունեցող երկրում հինգ անգամ ստիպված էին հետաձգել դպրոցների բացումը, մինչև կգտնեին ամենաարդյունավետ ու անվտանգ տարբերակը: Ի վերջո, դասերը վերականգնվեցին մայիսի 20-ից։ Այստեղ սակայն որոշվեց մեկնարկը տալ ավագ դասարաններից: Երկու շաբաթ անց դպրոց վերադարձան նաև միջին, ապա` նախակրթարանների սաները։

Անխտիր բոլոր դպրոցներում բոլորը դասարան մտնելուց առաջ ջերմաչափում են անցնում, դասարաններում միայնակ են նստում, միջանցքներում պարտադիր դիմակ են կրում: Վերաբացման առաջին օրը կառավարությունը անվճար դիմակներ ու ախտահանիչ միջոցներ էր բաժանել, ինչպես նաև հավելյալ լիազորություններ էր տվել դպրոցների տնօրեններին. վերջիններս կարող են միանձնյա որոշել ու անցնել հեռավար կրթության, կամ դասերի մի մասը դպրոցում կազմակերպել, մյուս մասը` օնլայն, եթե դա է պահանջում տեղում ստեղծված համաճարակային իրավիճակը:

Իսրայելական «սխալներն» ու դրանց տված «դասերը»

Իսրայելում սկզբում որոշել էին հետևել Դանիայի օրինակին։ Սակայն շաբաթներ անց նախարարությունը միավորել էր աշակերտների փոքր խմբերը, ինչպես նաև չեղարկել էր դիմակ կրելու պարտադիր պահանջը:

Բացասական հետևանքները երկար սպասեցնել չէին տվել. հունիսի 3-ին վարակը հաստատվել էր ավելի քան երկու հազար երեխաների, ուսուցիչների ու դպրոցների աշխատակիցների մոտ: Իշխանությունները ստիպված կրկին փակել էին դպրոցներն ու անցնել հեռավար ուսուցման։

Պաշտոնական վիճակագրությունը փաստել էր, որ հունիսին դպրոցները դարձել էին վարակի տարածման երկրորդ ամենամեծ օջախը: Եթե մինչ այդ երկրում օրական հիսուն նոր դեպք էր գրանցվում, ապա դպրոցներում սկսված բռնկումներից հետո այդ թիվը հասել էր օրական 1500-ի:

Արձագանքելով դժգոհություններին` գլխավոր համաճարակաբան Սիեգալ Սադեցկին հրաժարական էր տվել, խոստովանելով. - «Վարակի երկրորդ ալիքի հիմնական պատճառը դպրոցների վերաբացումն էր, որն իրականացվեց առանց համաճարակի թելադրած կանոնները հաշվի առնելու»:

Հիմա` նոր ուսումնական տարվա մեկնարկին, Իսրայելի կառավարությունը հայտարարում է, թե սեփական սխալները չի կրկնի. առաջիկա աշնանը դեմ առ դեմ դասերը կվերականգնվեն միայն այն բնակավայրերում, որտեղ ցածր կլինեն վարակի տարածման ցուցանիշները:

Փակել դասարա՞նը, թե՞ ամբողջ դպրոցը

Իսկ ի՞նչ անել, եթե դպրոցում այդուամենյանիվ վարակի դեպք է գրանցվել. այս հարցում էլ մոտեցումը միանշանակ չէ: Որոշ երկրներում, օրինակ` Գերմանիայում, հակված են մեկուսացնել միայն տվյալ դասարանի աշակերտներին ու ուսուցիչներին, մյուսները շարունակում են դասերը:

Թայվանում, որ հայտնի է համաճարակի դեմ կոշտ միջոցառումներով, ավելի խստապահանջ են. դպրոցը փակվում է, եթե վարակի երկու կամ ավելի դեպք է գրանցվում:

Թե որն է ճիշտ տարբերակը, որևէ մեկն առայժմ չի կարող ճշգրիտ ասել: Մասնագետները պնդում են, որ իրենց անհրաժեշտ են առավել ընդաձակ հետազոտություններ:

Հենց այդ պատճառով էլ Բեռլինի համալսարանական կլինիկաներից մեկի գիտաշխատողները որոշել են երկու շաբաթը մեկ ստուգել 24 դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին: Բավարիայում նույն սկզբունքով թեստավորում են անում հարյուրից ավելի մանկապարտեզներում: Նպատակը մեկն է` հասկանալ, թե ինչպես է տարածվում վարակը երեխաների մոտ, քանիսն են վիրուսը տանում առանց ախտանշանների և որքանով են նրանք վարակիչ մյուսների համար:

Ակնկալվում է, որ այս հետազոտությունների արդյունքները պարզ կդառնան այս տարեվերջին` հնարավորություն տալով կառավարություններին առավել թիրախային ու արդյունավետ ռազմավարություն մշակել:

XS
SM
MD
LG