Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան․ Դասարանները կիսվելու են


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև երեք տասնյակի հասնող աշակերտներ ունեցող դասարանները կբաժանվեն առանձին խմբերի, որպեսզի հնարավոր լինի պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Մենք այնպիսի դասացուցակ ենք առաջարկելու, որ նման խնդիր չլինի, այսինքն՝ դասարանները կիսվելու են»։

Դեռ օրեր առաջ նախարարը հայտարարեց, որ որոշում է կայացվել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում։ Առաջիկայում կհրապարակվի ուղեցույց, թե ինչպես պետք է պահպանվեն հակահամաճարակային կանոնները։

Զարա Օրբելյանը սեպտեմբերին թեև վախով, բայց երկու երեխաներին պատրաստվում է դպրոց է ուղարկել. – «Իհարկե վախենում եմ: Բայց եթե էդպես ա որոշվել, ուրեմն շարժվելու ենք էդպես: Հուսով եմ, որ բոլորը` երեխաներն էլ, ծնողներն էլ լուրջ կվերաբերվեն ու բոլոր սահմանված կանոնները կպահպանեն: Վախենում եմ, որովհետև մեր հասարակության մեջ պատասխանատվությունը շատ ցածր ա: Չեմ մեղադրում, մենք էդպիսին ենք երևի բնավորությամբ. պատասխանատվությունը ցածր ա, կանոններին չեն հետևում, շատ թռուցիկ են վերաբերվում ամեն ինչին, ու վախենում եմ, որ դպրոցում էլ ա նույնը լինելու»:

Արդյո՞ք հստակ է սեպտեմբերի 15-ից դպրոցների բացվելը։ Պատասխանելով «Ազատության» այս հարցին, նախարարն պատասխանեց. – «Եթե համաճարակային իրավիճակը, վարակի տարածումը էնպիսին չլինի, որ խոչընդոտի, ու լարվածությունը մեծանա դրա հետ կապված, ապա եթե էս տեմպերը պահպանվեն, լիարժեք ամսի 15-ին կբացվեն»:

Իսկ թե երբ կբացվեն բուհերը, դեռևս որոշում չկա. – «Հենց հիմա գնում եմ ես ռեկտորների հետ հանդիպման: Երբ որ իրենց առաջարկներն էլ ստանանք, մենք մի փաստաթուղթ կձևավորենք, պարետատանը ամենայն հավանակության վաղը կամ երկուշաբթի կքննարկենք և կհայտարարենք»:

XS
SM
MD
LG