Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյանը 2002-ին անձնագրավորվել է ՌԴ-ում


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը, արխիվ

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և 2002 թվականին ստացել է ՌԴ անձնագիր, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարած, գեներալ գնդապետ Հարությունյանն արդեն շուրջ 2 տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Հայտնի է, որ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ամիսներ առաջ այս երկիրը հրաժարվել է Հարությունյանին արտահանձնել Հայաստան՝ հենց ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Հայաստանի նախկին իշխանությունների կողմից խախտվել է Սահմանադրությունը, երբ Հայաստանի զինված ուժերի ղեկավարումը հանձնվել է մի անձի, ով տիրապետելով Հայաստանի ռազմական գաղտնիքներին, միաժամանակ նաև Ադրբեջանին զենք մատակարարող երկրի քաղաքացի է եղել։

«Խնդիրը բովանդակային է նրանով, որ կա պետական և ռազմական գաղտնիքի և երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտ պայմանների երաշխիքներ, որը չի պահպանվել, և սա վտանգել է և ինչքանով է վտանգել այդ ամենը և ինչքանով է վնասել երկրի պաշտպանունակությունը, ինքնիշխանությանը, անվտանգությանը, սա պետք է դառնա քննության առարկա», - ասաց Սաքունցը:

Ռուսաստանի Դաշնության անձնագիր ստանալու պահին՝ 2002-ի նոյեմբերին, Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Եվ մինչև թավշյա հեղափոխությունը՝ 2016-ից մինչև 2018-ի մայիսի 8-ը նախագահի խորհրդականն էր, նրան էր վերապահված Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորությունները։

Հարցին, թե 2002-ին, երբ Հարությունյանը ստացել է Ռուսաստանի անձնագիր, այդ ժամանակ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հնարավո՞ր է տեղյակ լիներ այս պատմությունից, Սաքունցը դրական պատասխան տվեց։

«Չեմ կարծում, որ տեղյակ չլինի, որովհետև դա էնպիսի փաստ է, որը պետք է հանդիսանա Ազգային անվտանգության ծառայության առաջին կարևոր քայլերից մեկը: Խոսքը վերաբերում է ռազմական և պետական գաղտնիքների պաշտպանության հարցերին, բայց եթե ոչինչ, արտառոց ոչինչ, ուրեմն մտահոգիչ հանգամանք չեն դիտարկել, որովհետև նրանք ամբողջության մեջ են տեսել: Սա է եղել այդ ժամանակվա հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի ամբողջ քաղաքականության ողջ իմաստը, բնույթը, որն արտահայտվել է գույք պարտքի դիմաց և այլ որոշումներով, որոնցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, ըստ էության, վերացվել է և ստորադասվել է և ենթարկեցվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքական շահերին», - ասաց իրավապաշտպանը:

1993 թվականից մինչև 2008-ը Հայաստանի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետը Ալվինա Զաքարյանն էր, ում օրոք էլ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության անձնագիր է ստացել։ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, 2012-2013-ին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ մինչև 2005 թվականը գործող Հայաստանի Սահմանադրությամբ արգելված էր երկքաղաքացիությունը։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը պնդում է՝ Հայաստանի իրավապահները չէին կարող ստուգել, թե անձը որևէ այլ երկի քաղաքացի է, թե ոչ, եթե նա ինքն այդ մասին տեղյակ չէր պահում իրավապահներին։ Եթե մինչև 2005-ը որևէ մեկը դառնում էր այլ երկրի քաղաքացի, ապա Հայաստանի իրավապահներն այդ մասին տեղեկանալուց հետո պետք է զրկեին նրան Հայաստանի քաղաքացիությունից, նշում է Քոչարյանը։

«Արդեն արգելքները հանվել էին և եթե նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացին մինչև 2005 թվականը ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն, ապա դա օրենքով նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմք է: Այ 2005 թվականից հետո այդ սահմանափակումները հանվեցին: Այո, արգելված է եղել նախկին 95 թվականի Սահմանադրության ուժով, և դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմք է», - նշեց նա:

Վերջերս հայտնի դարձավ, որ նմանատիպ սցենարով 17 տարի առաջ Ռուսաստանի քաղաքացի է դարձել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երկու տարբեր քրեական գործերով մեղադրյալ, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է՝ արդյո՞ք 2003 թվականի հունիսի 20-ից Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող նախկին իշխանական պատգամավորը կարող էր Հայաստանում պատգամավոր լինել։ Հայրապետյանը մի քանի ամիս է՝ գտնվում է Ռուսաստանում, նա ևս հետախուզվում է, բայց Ռուսաստանը վերջերս դադարեցրեց իր տարածքում հետախուզումը։ Ենթադրվում է, որ կրկին ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը այդ հարցի մասին դեռևս Ռուսաստանից տեղեկատվություն չի ստացել։

Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալուն, իրավապահաները դեռևս չեն մանրամասնում՝ արդյո՞ք քննում են այս հարցը։

Ռուսաստանի քաղաքացիներ, Հայաստանում մեղադրվող Ռուբեն Հայրապետյանից և Միքայել Հարությունյանից բացի, այդ երկրում են գտնվում նաև հեղափոխությունից հետո մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ նախկին պաշտոնյաները՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի վարքագծի վրա, որով այս երկիրն անթաքույց հովանավորում է նախկին իշխանության ներկայացուցիչներին։

«Մենք տեսնում ենք հիմա, թե ինչպես է վերաբերում Ռուսաստանի Դաշնությունը Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և ընդհանրապես այս Մարտի 1-ի դատավարությանը: Ըստ էության, անթաքույց հովանավորության տակ է վերցնում մարդկանց, որոնք Հայաստանի Հանրապետությունը դիտարկել են որպես Ռուսաստանի Դաշնության ինչ-որ ազդեցության, եթե չասենք ենթակա ինչ-որ պետություն», - նշեց իրավապաշտպանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, օրերս Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Կոստանյանի, Պողոսյանի և Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկություններ ձեռք չեն բերվել։

XS
SM
MD
LG