Մատչելիության հղումներ

Ոչ այնքան քաղաքական, որքան իրավական հարց է․ ՌԴ դեսպանը՝ Միքայել Հարությունյանի և մյուսների մասին


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

«Այս հարցի շուրջ իմ դիրքորոշումն այն է, որ դա ոչ այնքան քաղաքական, որքան իրավական հարց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումն այն մասով, որ ՌԴ-ում են Հայաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ:

Դիտարկմանը՝ այստեղ կա նաև քաղաքական գործոն, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործով, և ինչպես պարզվեց, նա ՌԴ քաղաքացի է, ՌԴ դեսպանն արձագանքեց. - «Ես ձեռնպահ կմնամ նման քաղաքական մեկնաբանություններից, մանավանդ որ գործի մանրամասներին տեղյակ չեմ»:

ՌԴ դեսպանը նշեց՝ այս հարցերով ինքը քաղաքական գնահատականներ տալ չի ցանկանում. - «Այս հարցով քաղաքական գնահատական հնչեցնել պատրաստ չեմ, դա թողնում եմ փորձագետներին ու լրագրողներին: Իսկ որպես դեսպան առաջարկում եմ կենտրոնանալ հարցի իրավական կողմի վրա»:

Ինչ վերաբերում է նրան, որ ռուս լրագրողները վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նորից հարցրել են Նժդեհի մասին, ապա Սերգեյ Կոպիրկինը նկատեց, որ դրանք հարցեր են, որ կապված են մեր ընդհանուր պատմության հետ. - «Ինչ խոսք, բավականին նուրբ հարցեր են՝ հաշվի առնելով միջազգային և քաղաքական համատեքստը, երբ մենք պատմությունը վերաշարադրելու փորձեր ենք տեսնում»:

«Ազատության» մյուս հարցին, որ նախագահ Պուտինն իր վերջին այցելության ժամանակ հանդիպել էր Բելլա Քոչարյանի հետ, այդ հանդիպումը նշանակո՞ւմ է արդյոք աջակցություն Ռոբերտ Քոչարյանին, Ռուսաստանի դեսպանը պատասխանեց. - «Ինձ համար դա նշանակում է, որ հանդիպում է եղել Բելլա Քոչարյանի հետ, այլ մեկնաբանություն անել չեմ կարող, քանի որ դա ոչ թե իմ, այլ նախագահի հանդիպումն էր»:

XS
SM
MD
LG