Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն տապալված է, այս կարգի ընդվզումը չի կարող մարել. Վարդան Հարությունյան


«Լուկաշենկոն տապալված է, այս կարգի ընդվզումը չի կարող մարել», - այսօր «Ազատության» հետ զրուցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք կհաջողվի՞ Լուկաշենկոյին պահել իշխանությունը:

Հարությունյան. - Կարծում եմ՝ չի հաջողվի, եթե նույնիսկ ժամանակավոր հաջողություն նա գրանցի, վերջին հաշվով նա արդեն տապալված է: Ըստ էության, Բելառուսի ժողովուրդն արել է իր ընտրությունը, ոչ միայն արել է ընտրությունը, միշտ էլ արել է, բոլոր ընտրությունների ժամանակ էլ ժողովուրդներն իրենց քվեն տալիս են ում որ հարկ են համարում, ուղղակի մենք մեր փորձից դա գիտենք, հետո է արդեն, որ իշխանավորները սկսում են հօգուտ իրենց կեղծել ընտրության արդյունքները, բայց որ այսպես միահամուռ, համաժողովրդական բողոքով դուրս գան հրապարակ, ընդվզեն, այս կարգի ընդվզումները ուղղակի չեն կարող մարել և կորել: Սրանք անպայման տալիս են արդյունք, դրա վառ օրինակը Հայաստանն է, դրա վառ օրինակը Վրաստանն է, դրա վառ օրինակը Ուկրաինան է:

Մի խոսքով անարդյունք չի կարող սա լինել և ժամանակավոր հաջողություն անգամ, եթե կարողանա Լուկաշենկոն գրանցել, դա լինելու է կարճաժամկետ, վերջին հաշվով նա տապալված է:

«Ազատություն». - Դուք նախօրեին հոդված եք հրապարակել՝ քննադատելով պաշտոնական Երևանի շնորհավորանքը Լուկաշենկոյին, բայց եթե կային ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները, ըստ որոնց երկու թեկնածուների միջև տարբերությունը 70 տոկոս էր, այսինքն հետագայում էլ պարզ է՝ բան չէր փոխվելու: Մինսկ չէին մեկնել միջազգային դիտորդներ, որոնք կփաստեին ընտրակեղծիքները, ուրեմն ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը, հենվելով իրավապաշտպանների, լրատվամիջոցների հաղորդումների վրա, չշնորհավորեր:

Հարությունյան. - Չեմ կարծում, որ նա հենվել է իրավապաշտպանների հաղորդագրությունների վրա, նա հենվել է Բելառուսի իշխանությունների հայտարարությունների վրա: Նախընտրական ողջ ընթացքը զուգորդվել է բռնություններով, բոլոր նրանք, ովքեր որ հայտարարում էին իրենց նախագահի թեկնածու, նրանք կալանավորվում էին, նրանք ենթարկվում էին հալածանքների և հետապնդումների և ստիպված էին լինում կա՛մ հայտնվել բանտում, կա՛մ լքել երկրի տարածքը:

Ընտրությունների ընթացքի մասին ընտրությունների օրը բազմաթիվ հաղորդագրություններ կային: Ես երկար չպատմեմ այդ մասին, ժամանակը խնայենք, որովհետև այդ ամեն ինչը շատ ծանոթ է մեզ, մենք դա տեսել ենք սկսած 2000-ական թվականներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ: Այն, ինչ եղել է մեզ մոտ, եղել է նաև նրանց մոտ: Ես, իհարկե, գիտեմ, որ երբ դու հայտնվում ես իշխանության ղեկին լուրջ երկընտրանքներ են առաջ գալիս, որոնք պետք է լուծես, ես գիտեմ, որ իշխանության առաջին դեմքերի լուծելիք խնդիրները շատ ավելի բարդ են, քան իմ՝ իրավապաշտպանիս լուծելիք խնդիրները: Ես ազատ եմ, ես կարող եմ արտահայտել իմ կարծիքը ինչպես կարող եմ, երբ կարող եմ, իշխանավորները, իհարկե, կաշկանդված են: Բայց բոլոր դեպքերում ես կարծում էի, որ շնորհավորելու փոխարեն կարելի էր գտնել այնպիսի ձևակերպումներ, որոնք պարտավորեցնող չէին լինի, միանշանակ չէին լինի: Նույն Զելենսկին՝ Ուկրաինայի նախագահը գտավ այդպիսի ձևակերպումներ և նույն օրը հրապարակեց իր տեքստը: Կարող էր դա լինել երկխոսության առաջարկություն, կարող էր դա լինել ինչ-որ ձևակերպում, բայց ոչ երբեք միանշանակ շնորհավորանք մեկին, որի հաղթանակն անկասկած կասկածելի էր, և այսօր էլ Եվրամիության երկրները հայտարարությամբ հանդես եկան՝ եվրոպական երկրները չեն ճանաչում այդ ընտրությունները և չեն ընդունում դրա արդյունքները, առաջարկում են նույնպես երկխոսություն սկսել Բելառուսում, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի: Մենք կարող էինք լինել այս թիմում, եվրոպական թիմում, եվրոպական ընտանիքում, դա մեզ շատ ավելի սազական է, դա մեզ շատ ավելի պատիվ կբերեր, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Ես չեմ համարում, որ դա ճակատագրական է, վաղը-մյուս օր էդ ամեն ինչը կմոռացվի, իհարկե, եթե նույնիսկ նոր իշխանություններ լինեն Բելառուսում, էլի, կմոռացվի, կհանդիպի մեր վարչապետը նրանց հետ, կսեղմեն իրար ձեռք, բայց դա շատ ավելի կարևոր է մեզ համար, հայաստանցիներիս համար, բայց ես վստահ եմ, որ 2018 թվականի գեղեցիկ հեղափոխությունից հետ մենք պետք է որ կտրած լինեինք մեր պորտալարը մեր արատավոր անցյալից: Իսկ այդ շնորհավորանքները այդ արատավոր անցյալի մասն են:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG