Մատչելիության հղումներ

ԵՄ-ն այսօր քննարկում է Բելառուսի նկատմամբ ճնշումները խստացնելու հնարավորությունը


Եվրամիությունն (ԵՄ) այսօր քննարկում է Բելառուսի նկատմամբ ճնշումները խստացնելու հնարավորությունը՝ արձագանքելով ընդդիմության դեմ սկսված բռնաճնշումներին ու ցույցերին։ Արդեն հինգերորդ օրն է՝ երկրում բողոքի ակցիաներ են կիրակի անցկացված նախագահական ընտրությունների դեմ, որոնք Բրյուսելի գնահատմամբ` «ազատ ու արդար չէին անցել»։

Եվրամիության արտգործնախարարների արտակարգ նիստից առաջ՝ այսօր վաղ առավոտյան, Բելառուսի իշխանությունները սկսել են ազատ արձակել հարյուրավոր ձերբակալվածների։ Ազատազրկվածներից շատերը պատմել են ձերբակալման վայրերում անտանելի և դաժան պայմանների մասին, Amnesty International միջազգային կազմակերպությունն իր հերթին հայտարարել է «համատարած կտտանքների մասին»։

Առնվազն երկու ցուցարար է սպանվել, 6 հազար 700-ը` ձերբակալվել օգոստոսի 9-ի ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նախագահ Լուկաշենկոն արդեն 6-րդ անգամն անընդմեջ հռչակվեց նախագահ՝ ստանալով ձայների 80 տոկոսից ավելին։ Ընդդիմադիր բոլոր թեկնածուները բողոքարկել են արդյունքները, ամենաշատ քվեն ստացած Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է երկրից՝ ենթադրաբար իշխանությունների ճնշման տակ։

Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը, այսօր հրավիրելով միության անդամ երկրների արտգործնախարարներին, հայտարարել է, թե անհրաժեշտ է վերջ տալ ընդդիմադիրների դեմ ճնշումներին ու հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ևս «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, թե Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, այդ թվում՝ դադարեցնել նավթի մատակարարումները։

XS
SM
MD
LG