Մատչելիության հղումներ

Ռոբերտ Նազարյանին կալանավորելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ


Ռոբերտ Նազարյան, արխիվ

Կկալանավորվի՞ արդյոք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը, թե՞ ոչ, հավանաբար հայտնի կդառնա այսօր։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. թե ժամը քանիսին է հրապարակվելու Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, դեռ հստակ չէ։

2003-ից մինչև 2018 թվականը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանը, ով նաև Երևանի քաղաքապետն է եղել, 2 օր առաջ էր ձերբակալվել։ 64-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն իր մեղքը չի ընդունում` մեղադրանքն անհիմն ու ապօրինի է համարում։

Այսօր Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը դատարանից դուրս գալով կարճ հայտարարեց միայն, թե դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, ու հեռացավ տարածքից՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել լրագրողների հարցերին։

Նազարյանը, ըստ Հատուկ քննչական ծառայության, 2011-ին արտոնություն է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ» հիդրոէլեկտրակայանին, ինչի շնորհիվ ընկերությունը հավելյալ 7 միլիարդ դրամ եկամուտ է ստացել։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվում են նաև Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ Վերջինս այսօր կալանավորվեց։ Հանձնաժողովի նախկին նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն էլ նույն արարքը կատարելու համար կասկածյալ է։ 3 պաշտոնյաններն ավելի վաղ արդեն ձերբակալվել էին։

Ըստ իրավապահների` Ռոբերտ Նազարյանն, անտեսելով Հայաստանի ջրային ռեսուրսների հնարավորությունները, մշակել է որոշման մի նախագիծ, որով փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 մեգավատ հզորության փոխարեն սահմանել է եռակի բարձր՝ մինչև 30 մեգավատ հզորություն։ Ապա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված խոշոր՝ 26,4 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանն առանց հիմնավորման ընդգրկվել է փոքրերի ցանկում։ Ըստ ՀՔԾ-ի` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների գործողությունների պատճառով 2012-ից 2019 թվականներին «Ձորագետ Հիդրո»-ի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանվել է երկու անգամ բարձր սակագին, ինչի շնորհիվ էլ «Ձորագետ Հիդրո»-ն ավելի քան 14 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ է ստացել։

Դեռ 2016-ին «Հետք» պարբերականը հետաքննություն էր անցկացրել ու պարզել, որ Ռոբերտ Նազարյանի որդին ու հարսը Պրահայում անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ զբաղվող ընկերություններ են հիմնել ու սեփականություն ունեն։ Ըստ հրապարակման՝ Ռոբերտ Նազարյանի որդին՝ Լևոն Նազարյանը, 2011-ին նաև դարձել է կրկին անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենների խորհրդի անդամ: Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել նույն այն գործով, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում է եղել ՀԷԿ-ը։ Օհանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր՝ ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում թույլ տալու համար։

Ըստ դատախազության` 2010 թվականին շուրջ 8 միլիարդ, իսկ 2018-ին շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ»-ի գույքը 3 մլրդ 600 մլն դրամով կամ 7,5 միլիոն դոլարով օտարվել է ընդամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ընկերությանը»: Դա տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի ղեկավարած նախարարության մշակած ու հետո կառավարության ընդունած գաղտնի որոշմամբ, առանց գույքի պարտադիր գնահատման։ Ամիսներ առաջ Օհանյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով՝ 2002 թվականին ՀԷԿ-ը փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010 թվականին՝ օտարվել:

XS
SM
MD
LG