Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել


Ռոբերտ Նազարյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել երեկ ձերբակալված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին:

ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ իրավապահների` 2011 թվականին Ռոբերտ Նազարյանն այնպես է արել, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ Հիդրո» ընկերության համար արտոնություններ սահմանվեն, սրա հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։ Նազարյանն, անտեսելով Հայաստանի ջրային ռեսուրսների հնարավորությունները, մշակել է որոշման մի նախագիծ, որով փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 մեգավատ հզորության փոխարեն սահմանել է եռակի բարձր՝ մինչև 30 ՄՎտ հզորություն։ Ապա Միքայել Մինասյանի հետ փոխկապակված խոշոր՝ 26,4 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանը առանց հիմնավորման ընդգրկվել է փոքրերի ցանկում։

Ըստ ՀՔԾ-ի` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների այս գործողությունների պատճառով 2012-2019 թվականներին «Ձորագետ Հիդրոյի» հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանվել է նախկին սակագնի համեմատ երկու անգամ բարձր սակագին։ Եվ, փաստորեն, սրանով հնարավորություն է տրվել «Ձորագետ Հիդրոյին» հավելյալ ավելի քան 7 միլիարդ դրամ եկամուտ է ստանալ։ ՀՔԾ-ի փոխանցմամբ` այս ամենն իրականացվել է կառավարության որոշման շրջանակում, որով, իբր, փորձել են խրախուսել Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացումը։

XS
SM
MD
LG