Մատչելիության հղումներ

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է լիազորությունները չարաշահելու կասկածանքով


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։

Մինչև 2018 թվականը 15 տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Նազարյանը, ըստ Հատուկ քննչական ծառայությանը, 2011-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, կոլեգիալ կարգով որոշում է կայացրել և արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորագետ Հիդրո» ընկերության համար, ինչի հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։

ՀՔԾ-ն մանրամասնում է. նախ որոշման նախագիծ է մշակվել, որով փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված առավելագույն հզորության վերին շեմը բարձրացվել է եռակի, 10 մեգավատտի փոխարեն դարձնելով 30 մեգավատտ, ապա Միքայել Մինասյանի հետ փոխկապակված խոշոր՝ 26,4 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանը առանց հիմնավորման ընդգրկվել է փոքրերի ցանկում՝ հնարավորություն տալով այդ ընկերությանը շատ ավելի բարձր սակագներով էլեկտրաէներգիա վաճառել։ Այդ որոշման հետևանքով ընկերությունը հավելյալ ավելի քան 7 միլիարդ դրամ եկամուտ է ստացել։

Մինչև մասնավոր «Ձորագետ Հիդրո» ընկերությանը վաճառվելը, այս ՀԷԿ-ը 2002 թվականից մինչև 2010 թվականը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում էր: Այն ժամանակահատվածում, երբ ՀէԿ-ը ՊՆ հաշվեկշիռ է անցել, նախարարը Սերժ Սարգսյանն էր, հետո՝ 2010 թվականին, երբ Սարգսյանն արդեն նախագահ էր, իսկ Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարն էր, ՀԷԿ-ը վաճառվել է «Ձորագետ Հիդրո» ընկերությանը, որը, ՀՔԾ-ի պնդմամբ, պատկանում է Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց։

Ըստ ՀՔԾ-ի, Ռոբերտ Նազարյանը կասկածյալ է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով որպես մեղադրյալ անցնում է նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Սակայն եթե Ռոբերտ Նազարյանը կասկածվում է այս ՀԷԿ-ի համար փաստացի բարձր սակագին ապահովելու համար, Սեյրան Օհանյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ՀԷԿ-ը 2010 թվականի շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով վաճառելու համար։

Ըստ դատախազության, 2010 թվականին շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ, շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ»-ի գույքը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով օտարվել է ընդամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ընկերությանը»: Սեյրան Օհանյանը այս գործով միակ մեղադրյալն է: Նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. - «Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG